Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է նաեւ նավթի էմբարգոն:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն այժմ արդեն հստակ ծրագիր ունի՝ արգելելու ռուսական նավթի ներմուծումը 90%-ով։ «Այս տարվա վերջին մենք կգնենք 90%-ով պակաս ռուսական նավթ: Բացառություն կկազմեն միայն դեպի ծով ելք չունեցող երկրները»,- նշել է Բորելը:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ դա Եվրամիությունում թեժ քննարկումների ողջամիտ հանգուցալուծում է: Բորելն ասել է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է նաեւ սահմանափակումներ՝ կապված SWIFT համակարգի օգտագործման հետ, ինչն ավելի կբարդացնի Ռուսաստանի տնտեսության վիճակը եւ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը:
Բորելը շեշտել է, որ այնուհանդերձ, ԵՄ-ն չի կարող խանգարել Ռուսաստանին վաճառել իր նավթն այլ երկրների: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի ամենակարեւոր գնորդն է, եւ Մոսկվան ստիպված կլինի փնտրել այլ գնորդներ եւ նվազեցնել նավթի գինը:
Նավթային էմբարգոյի սահմանման դեմ հանդես եկող երկրները մինչդեռ պնդում են, որ ռուսական նավթի գնումից հրաժարվելը խիստ բացասաբար կանդրադառնա Եվրոպայի տնտեսության վրա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Եվրամիության երկրների ղեկավարների հետ տեսակապի ժամանակ քննադատել է նրանց՝ Ռուսաստանի նկատմանբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումն ուշացնելու համար: «Պատժամիջոցների հինգերորդ փաթեթը սահմանվել է ապրիլի 8-ին: Այդ ժամանակից անցել է արդեն 52 օր»,- ասել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը պնդել է, որ պատժամիջոցների հարցում առաջընթացը Մոսկվային կստիպի խաղաղություն փնտրել Կիեւի հետ:
Զելենսկին կրկին հայտարարել է, որ երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին փոխզիջումներ լինել չեն կարող: