Տարիներ շարունակ կիրառվող բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել որպես իրավունքի լիիրավ սուբյեկտներ, եւ չի կարեւորվել նրանց անկախ ապրելու իրավունքը:
2021 թվականին ընդունվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, որով օրենսդրական մակարդակում Հայաստանը հրաժարվեց հաշմանդամության բժշկական մոտեցումից՝ անցում կատարելով մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման։
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շարունակում է իր ջանքերը հաշմանդամություն ունեցող անձանց փաստացի հավասարությանը հասնելու եւ նրանց կյանքի որակը էականորեն բարելավելու ուղղությամբ։ Եվ չնայած իրականացվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ են բախվում խտրականության եւ իրենց իրավունքների իրացման դժվարությունների, որի արդյունքում խախտվում են վերջիններիս կրթության, աշխատանքային, սպորտային եւ մշակութային կյանքին մասնակցելու, ազատ տեղաշարժի, ընտրելու, առողջության պահպանման եւ այլ իրավունքներ:
«Ալիք Մեդիա»-ն պարբերաբար անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց հանդիպող դժվարություններին եւ այս անգամ փորձել է պարզել՝ որոնք են նրանց հիմնական խնդիրներն աշխատաշուկայում: ԵՎ, ինչպես պարզ դարձավ զրույցներից, նրանք խուսափում են գործատուների հետ համագործակցությունից, որովհետեւ զգում են՝ իրենց աշխատաշուկայում գրկաբաց չեն սպասում:
Ռուզաննա Թորոսյանը, որ ձեռքի հաշմանդամություն ունի մանկուց, երբեւէ չի զգացել, որ տարբերվում է մյուսներից: Նրան հաջողվել է կայանալ իր ոլորտում ու հիմնել սեփական հաշվապահական ընկերությունը: Սակայն տարիներ առաջ ինչ-ինչ խնդիրների պատճառով նա ստիպված է եղել թողնել սեփական բիզնեսը եւ աշխատանք փնտրել:
«Ունենալով նման մասնագիտացում՝ ինձ համար անգամ դժվար է եղել հեռախոսավարուհու աշխատանք գտնելը: Գործատուները խուսափում էին ինձ հետ աշխատելուց: Չգիտեմ ինչու. չէ՞ որ հեռախոսով խոսելիս ոչ ոք չի տեսնում իմ հաշմանդամությունը: Այժմ առաջարկում են ինձ միայն մաքրուհու աշխատանք: Դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, սակայն կրթությունս ու փորձս ջուրն է ընկնում: Մտադրություն ունեմ կրկին հաշվապահությամբ զբաղվելու, իհարկե, սեփական բիզնեսում: Այլ ընկերություններում ինձ գրկաբաց չեն սպասում»,- պատմում է Ռուզաննան:
Գործատուների հետ խուսափում է համագործակցելուց նաեւ Գեւորգ Բալայանը, նա աշխատեցնում է մրգի սեփական խանութն ու երբեք չի փորձել աշխատանք գտնել: Նա համոզված է, որ հոգով ուժեղ լինելու դեպքում հնարավոր է հաղթահարել ամեն ինչ, եւ իր փորձով ցույց է տալիս, որ չնայած դժվարություններին, հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես կարող են հաջողել իրենց փոքրիկ նախաձեռնություններում:
Մեր մյուս հերոսը՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող Սողոմոն Ներսիսյանը, որ ակտիվորեն զբաղվում է սպորտով՝ բասկետբոլով եւ սեղանի թենիսով, մասնակցում է միջազգային մրցաշարերի ու գրանցում է լուրջ հաջողություններ, նույնպես գերադասում է գումար աշխատել սեփական նախաձեռնությամբ՝ տաքսի վարելով:
Ի՞նչն է ստիպել մեր հերոսներին հիասթափվել, ինչո՞ւ են աշխատաշուկայում ավելի խանգարում, քան օգնում ու աջակցում հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Ի՞նչ է անհրաժեշտ նրանց մոտիվացնելու եւ մրցունակ մասնագետ դարձնելու համար:
Այս հարցերին փորձեց պատասխանել «Նախաձեռնություն հանուն կրթական եւ սոցիալ-իրավական ներառման» հասարակական կազմակերպության նախագահ Սյուզաննա Պետրոսյանը:
Արդեն երկար ժամանակ է այս ՀԿ-ն անցկացնում է «Կարիերայի պլանավորում եւ որոշումների կայացում» թեմայով դասընթաց, որի նպատակն է զարգացնել հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը, զինել նրանց նոր գիտելիքներով եւ արդի հմտություններով, ինչպես նաեւ նպաստել նրանց լիարժեք սոցիալական ներառմանը։
Ծրագրի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեն մասնակցելու հոգեբանական, իրավաբանական եւ մասնագիտական կողմնորոշմանը նպաստող դասընթացների, ինչպես նաեւ ստանալ կրթական, իրավաբանական, հոգեբանական եւ մասնագիտական խորհրդատվություն։ Մասնագետի օգնությամբ նրանք կազմում ինքնակենսագրական, պատրաստվում գործատուի հետ հարցազրույցի, ծանոթանում աշխատանքի որոնման հարթակներին եւ պլանավորում սեփական կարիերան։
«Այժմ մեր մասնակիցներից մեկը որակավորման դասընթաց է անցնում շատ պահանջված դիմահարդարի մոտ եւ շուտով հնարավորություն կունենա ինքնուրույն զբաղվելու դիմահարդարմամբ։ Կարծում եմ նման դասընթացներն ավելի իրազեկ կդարձնեն մեր քաղաքացիներին եւ կօգնեն ավելի վստահ լինելու սեփական ուժերի նկատմամբ»,- պատմում է Սյուզաննա Պետրոսյանը:
Նրա կարծիքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելով, շատ ընկերություններ ավելի լավ են հասկանում եւ սպասարկում հաշմանդամություն ունեցող իրենց հաճախորդներին: Ծառայությունների հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց բիզնեսին թույլ է տալիս ճկուն լինել, հեղինակություն ձեռք բերել եւ ավելի մեծ շուկաներ գրավել։
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելը կարող է նպաստել թիմի բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, ստեղծագործականության խթանմանը եւ, վերջապես, բարձրացնել ընկերության հեղինակությունը անձնակազմի, համայնքի եւ հաճախորդների շրջանում:
Մեր երկիրը ձգտում է դառնալու մի պետություն, որը հարգում է հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց իրավունքները, հիմնական ազատություններն ու բացառում է խտրականությունն իր բոլոր դրսեւորումներով:
Այժմ կառավարությունը քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը, որի նպատակն է նրանց բոլոր իրավունքների լրիվ ապահովումը, խտրականության դրսեւորումների բացառումը, կյանքի որակի բարելավումը, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք եւ արդյունավետ մասնակցությունը: