Ուկրաինայի խորհրդարանը մայիսի 31-ին պաշտոնանկ է արել 2018-ի մարտից պաշտոնավարող Մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովային։ Վերջինս շտապել է իրեն պաշտոնանկ անելու նախաձեռնությունը անօրինական որակել:
Որոշմանը կողմ է քվեարկել 234, դեմ՝ 9 պատգամավոր։ Դենիսովայի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնել են իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության պատգամավորները։
Ուկրաինայի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Պավել Ֆրոլովն, իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադառնալով օմբուդսմենին հեռացնելու նախաձեռնությանը, նշել է, որ Դենիսովան ռուս զինվորականների մասնակցությամբ ուկրաինացի երեխաների բռնաբարման դեպքերի մասին խոսել է «աննրբանկատ ձեւով», եւ որ նրա պնդումները հետագայում այդպես էլ չեն հաստատվել:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ պատգամավորը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի մասնակցել պատերազմի գոտում հումանիտար միջանցքների կազմակերպման գործընթացներին եւ պատերազմի ընթացքում նախընտրել է մնալ Արեւմտյան Եվրոպայում։