Երուսաղեմի միացյալ հանձնախումբը կհոգա Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի նախակրթարանի վերանորոգման եւ նոր գույքի ձեռքբերման ծախսերը: Սրա մասին տեղեկացանք Երուսաղեմի հայոց պատրիարքարանից:
Պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ալիք մեդիա Հայաստան»-ին հայտնեց, որ այս նախաձեռնությունը Արցախի վերականգնմանն ուղղված իրենց առաջին քայլն է: Հանձնախումբը Արցախում այլ ծրագրեր նույնպես կիրականացնի, կապի մեջ է կրթության, գիտության եւ մշակույթի նախարարի եւ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականի հետ:
Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան հիմնական դպրոցը մեկն է քաղաքի այն կառույցներից, որոնք ամենաշատն են տուժել։ Նախակրթարանի վերանորոգումից հետո 178 աշակերտ հնարավորություն կունենա սովորելու այնտեղ:
Նորոգումն ու նոր գույքի ձեռքբերումը կարժենան 11,281,308 դրամ:
Երուսաղեմի միացյալ հանձնախումբը հիմնվել է 2013-ին, զբաղվում է Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով եւ Հայաստանին ու Արցախին աջակցելու բազմազան ծրագրեր է իրականացնում: Այն գլխավորում է Երուսաղեմի հայոց պատրիարքը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։