Ռիտա Գրիգորյանի նախնիները Կարսի Բերդիկ գյուղից ստիպված Արթիկի շրջան են եկել ավելի քան 100 տարի առաջ: Գրիգորյանների ընտանիքը հետագայում տեղափոխվել է Բաքու, որտեղ ծնվել, մեծացել եւ ուսանել է Արցախի Չլդրան գյուղի դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհին:
«Ճշմարտությունը մեր կողմն է: Ասում են՝ ընկե՛ր Գրիգորյան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի: Ասում եմ՝ մենք մեր հողում ենք, մենք հայ ենք, սա մեր հողն է, մենք ուրիշից ոչ մի բան չենք ուզում: Այսքան արյուն է թափվել, այսքան արցունք է թափվել, այսքան ջանք է թափվել, ինչի՞ համար՝ մեր հողում ապրելու համար»:
Բաքվից 80-ականների վերջերին ստիպված Հայաստան տեղափոխված ուսուցչուհին 2015-ից հաստատվել է Արցախում ու նվիրվել լուսավորության գործին: «Սիրեցի Արցախը, սիրեցի այս մարդկանց, ամեն ինչն իմ սրտով է»:
Չլդրանի դպրոցը ավերվեց 1992 թվականի ամռանը, երբ ադրբեջանական զինուժը գրավեց գյուղը: Ութ ամիս անց՝ 1993-ի փետրվարի 5-ին, գյուղն ազատագրվեց: Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների ընթացքում Չլդրանը 23 զոհ է տվել: Նրանցից մեկը եղել է դպրոցի տնօրեն Սամվել Ղուկասյանի հայրը, երբ նա վեց տարեկան էր:
«2002 թվականին Տիգրան Իզմիրլյանի միջոցներով կառուցվեց ներկայիս դպրոցը: Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվում է կից շինություն, որը մեծ հնարավորություններ կտա մեր աշակերտներին՝ սովորելու ավելի հարմարավետ դպրոցում»,- ասում է Ղուկասյանը:
Այժմ դպրոցը նորոգվում է, կից կառուցվում է երկհարկանի մասնաշենք: Շինարարության ավարտից հետո կունենան հավելյալ չորս դասասենյակ, բուժկետ, դահլիճ, տնտեսական սենյակ, սանհանգույցներ, իսկ նկուղը կծառայի որպես ապաստարան։ Կառավարության միջոցներով էլ մարզադահլիճ է կառուցվելու։
Դպրոցում այսօր սովորում է 75 աշակերտ: Շատ չէ, քիչ էլ չէ։ Տնօրենի կարծիքով լավ, հարմար պայմաններով դպրոցի առկայությունը երիտասարդ ընտանիքներին գյուղում պահելու կարեւոր պայմաններից է։ Իսկ որակյալ, ժամանակակից կրթությունն արդի աշխարհի մարտահրավերներին դիմագրավելու թերեւս միակ միջոցն է։
Չլդրան համայնքում ապրում է ավելի քան 500 մարդ։ Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ, զգալի մասն էլ աշխատում է «Բեյս Մեթալս» ընկերության Կաշենի հանքավայրում։
44-օրյա պատերազմի ընթացքում Չլդրանը տվել է մեկ զոհ եւ հինգ վիրավոր: Պատերազմներն ու Արցախի կարգավիճակի հարցում անորոշությունը բնակիչների ամենօրյա մտահոգությունն են: Ռուս խաղաղապահների ներկայությունը գյուղացիներին անվտանգ ապագայի հույս է տալիս:
Սեւիլ Շիրինյանը Չլդրանի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին է: Այստեղ սովորում է նաեւ նրա երեխան:
«Պատերազմից անմիջապես հետո, երբ վերադարձանք, գյուղը մեռյալ վիճակում էր: Մարդիկ չէին կարողանում որեւէ գործ անել: Հիմա, ոչինչ, փորձում են ցավը թոթափել, քանի որ կյանքն առաջ է գնում: Մեր ուսերին մեծ բեռ է դրված: Մենք պիտի այնպես անենք, որ մեր երեխաները հասունանան մանկության մեջ, որպեսզի ցավն անընդհատ չհիշեցնենք»,- ասում է Շիրինյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Չլդրանում իրականացնում է նաեւ ջրամատակարարման ենթակառուցվածքի շինարարության աշխատանքներ:
Անտառների մեջ գտնվող գյուղն ավելի քան 100 տարի առաջ հիմնադրել են հարեւան Առաջաձոր համայնքից այստեղ տեղափոխված մի քանի ընտանիքներ: Բնակավայրի պատմությունը, սակայն, ավելի հին է: Պահպանվել են 12-րդ դարի եկեղեցիներ, պատմամշակութային այլ հուշարձաններ, հին գյուղատեղիներ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։