Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մամուլի քարտուղար Բարենտ Լեյթսը Միշելի անունից հաղորդագրություն է տարածել։
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում նախագահ Միշելը վերստին հաստատում է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու երկու երկրների հետ համագործակցությունը եւ խթանելու Հարավային Կովկասին, որպես անվտանգ, կայուն, խաղաղ եւ բարեկեցիկ տարածաշրջան՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:
Լեյթսը հայտնել է, որ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն առաջիկա օրերին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը մտադիր է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել հարաբերությունների կարգավորման հետագա բանակցային գործընթացը։
Մամուլի քարտուղարը, հղում անելով մայիսի 22-ին Միշել-Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով բրյուսելյան բանակցություններին, ընդգծել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կայուն կարգավորման համար անհրաժեշտ է լուծել բոլոր խնդիրները, ինչպես նաեւ առաջ մղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկումները եւ լուծել հակամարտության բուն պատճառները:
Լեյթսը շեշտել է, որ ցանկացած կոնֆլիկտի դեպքում տերմինաբանությունը հատկապես զգայուն է: Այս առումով ԵԽ նախագահ Միշելի՝ մայիսի 22-ին ղեկավարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների վերջնական արդյունք։
Լեյթսն ընդգծել է բոլոր հարցերի համապարփակ լուծման կարեւորությունը՝ ներառյալ բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը։
Միշելի մամուլի խոսնակը նշել է, որ մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպմանը հատուկ անդրադարձ է արվել տարածաշրջանի ապաշրջափակման հարցին:
«Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ չկան էքստրատարածքային հավակնություններ՝ կապված ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ: Հակառակի մասին շահարկումները ցավալի են: Ի վերջո, նախագահ Միշելը ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունն ու այս առումով հանրային հռետորաբանության կարեւոր դերը:
Նա ողջունել է Երեւանի ու Բաքվի ղեկավարներին եւ հայտնել բանակցությունների շարունակման նպատակով բարենպաստ մթնոլորտի ապահովման գործում բարեխղճորեն ներգրավվելու մտադրության մասին՝ հայտնելով ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնելու իր աջակցությունը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների ձեռնարկման գործում»,- ասվում է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ: