ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան շնորհավորելով ծննդյան օրվա առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը:
ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը եւ վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցելու սահմանազատման գործընթացին:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացման խնդրին եւ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 31-ին էլ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։