Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում:
Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում առաջինը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը:
Ըստ «Արմենպրեսի»՝ Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը չկարողացավ գլխավերեւում պահել 155 կգ, սակայն հաջորդ մոտեցմանը բարձրացրեց 155 կգ եւ 160 կգ: Այս վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց հաջորդաբար 187 կգ, 194 կգ եւ նվաճեց ոսկե մեդալը: Երկամարտի 354 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Պոկում վարժությունում Կարեն Մարգարյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 152 կգ, սակայն երկու փորձից չբարձրացրեց 156 կգ: Հրում վարժությունում գլխավերեւում պահեց 185 կգ միայն: Նա երկամարտի 337 կգ արդյունքով գրավեց 4-րդ հորիզոնականը:
Այսօր Հայաստանից հանդես կգան երեք ծանրորդ` Վարդան Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանը (երկուսն էլ 89 կգ քաշային կարգ) եւ Տաթեւ Հակոբյանը (76 կգ):