Հունիսի 1-3-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում ընթանում է «Մարդու իրավունքներ եւ պատասխանատվություն. պատերազմի հետեւանքները» խորագրով առաջին միջազգային համաժողովը:
44-օրյա լայնածավալ պատերազմի հետեւանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղում) առաջացած մարդու իրավունքների ճգնաժամին նվիրված համաժողովին առկա կամ հեռավար ձեւաչափով մասնակցում են աշխարհի 16 երկրի ավելի քան 30 հեղինակավոր գիտնականներ եւ իրավաբաններ:
Միջազգային համաժողովի կազմակերպիչ «Ճշմարտության եւ արդարության կենտրոն» (CFTJ) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը համաժողովի շրջանակում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին պարգեւատրել է «Ազատություն» մրցանակով:
«Ազատության մրցանակը շնորհվում է այն անհատին, որը արտասովոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղում մարդու ազատության գործում: Արտակ Բեգլարյանը դա ցույց է տվել իր խիզախ ջանքերով՝ օգնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին որպես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան: Նա Արցախում էր 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչին ականատես եղավ «առաջին ձեռքից»:
Մենք բոլորս նրան հիշում ենք որպես շարունակվող պատերազմի ձայն, երբ ռումբերը թափվում էին երկնքից։ Իր պաշտոնում պարոն Բեգլարյանը դարձավ պատերազմի զոհերի եւ պատերազմից տուժածների ձայնը՝ լրատվամիջոցներին, միջազգային կառույցներին եւ խորհրդարանականներին տրված զեկուցումների, հարցազրույցների եւ ելույթների միջոցով հաղորդելով նրանց իրավիճակը: Նա եղել է Արցախում մարդու ազատության առաջամարտիկը, եւ մեզ համար մեծ պատիվ է պարոն Արտակ Բեգլարյանին շնորհել «Ազատություն» մրցանակը «Ճշմարտության եւ արդարության կենտրոնի» ամբողջ անձնակազմի անունից»,- ըստ «Արմենպրեսի»՝ հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
Համաժողովի կազմակերպմանը մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի ֆրանսիական համալսարանը, Արցախի պետական համալսարանը, ինչպես նաեւ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ Սահմանադրական դատարանը եւ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը: