Sabah պարբերականի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆը։
Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Շերիֆի առանձնազրույցին հաջորդել է երկրների պատվիրակությունների հանդիպումը, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության 7 պայմանագիր։
«Մենք ծրագրում ենք ավելի ամրապնդել Թուրքիա-Պակիստան հարաբերությունները։ Մեր նպատակն է հասնել տարեկան 5 միլիարդ դոլարի առեւտրային ծավալի։ Մասնավորապես, ծրագրում ենք զարգացնել համագործակցությունը տուրիզմի, կրթության, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Գործարկում ենք տնտեսական համագործակցության լոկոմոտիվը»,- համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Էրդողանը։
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Պակիստանի իշխանություններին Գյուլենական շարժման դեմ պայքարում Թուրքիային աջակցելու համար։
«Թուրքիա գալը մեզ համար նման է երկրորդ տուն գալուն։ Պակիստանն ու Թուրքիան իրական գործընկերներ են, մեր մի շարք խնդիրներ ընդհանուր են։ Թուրքիայի թշնամին Պակիստանի թշնամին է։ Երբ մեր առեւտրի ծավալը հասնի 5 միլիարդ դոլարի, ամենաերջանիկը ես կլինեմ»,- ասել է Պակիստանի վարչապետը։