Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր ներկայացրած՝ ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը երկրի նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, միասնական թեկնածու կառաջադրի։
«Նոր նախագահը կլինի կա՛մ վեց կուսակցություններից մեկի ղեկավարը, կա՛մ թեկնածու դրսից։ Մենք նրանից պահանջելու ենք հետեւել մեր սահմանած սկզբունքներին։ Բայց այդ վեց կուսակցության ղեկավարները երաշխավորներ կդառնան նրա նախագահության օրոք»,- ասել է Դավութօղլուն։
Ըստ թուրքական Karar պարբերականի՝ նախկին վարչապետը նաեւ ընդգծել է, որ ընդդիմությունը հետամուտ է լինելու երկրում խորհրդարանական կառավարման համակարգի վերադարձին։
Ավելի խղճով լինելու կոչ
Ավելի վաղ Դավութօղլուն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին, հայտարարել էր, որ Էրդողանն իր ամբարտավանությամբ ինքն իր վերջը կտա: Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին ավելի խղճով լինելու:
Դավութօղլուն, որը Թուրքիայի իրավիճակը բնութագրել է որպես ծանր մղձավանջ, ասել է, որ Էրդողանը կորցրել է խիղճը եւ երկիրն ու իրեն տանում է դեպի անդունդ:
Դավութօղլուն Էրդողանին մեղադրել է նաեւ իսրայելցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար՝ շեշտելով, որ իրենց չբարեւող, իրենց բարեւը չառնող Էրդողանը չի խորշում Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելուց:
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023-ի հունիսին։ «Արդարություն եւ զարգացում» եւ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունները ներառող «Ժողովրդական դաշինք» իշխող բլոկն ավելի վաղ հայտարարել էր, որ գործող նախագահ Էրդողանը կլինի իրենց միակ թեկնածուն: Ընդդիմությունը դեռ չի որոշել իր թեկնածուին։