ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Մոսկվայում սպասվող հայ-ադրբեջանական հանձնաժողովների հանդիպման օրակարգում լինելու է սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ հարցեր:
Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումից հետո հնչած իրարամերժ տեղեկությունների առումով Արմեն Գրիգորյանն ասել է, որ իրենք գործընկերների հետ քննարկումներ են ունենում Բրյուսելում ընդգրկված եւ օրակարգին չհամապատասխանող բոլոր հայտարարությունների վերաբերյալ:
«Երեւանի եւ Բաքվի տեսակետների տարբերությունը եւ սահմանային միջադեպերը չե՞ն խանգարում հանձնաժողովների աշխատանքներին» հարցին ի պատասխան ԱԽ քարտուղարն ասել է, որ ցանկացած լարվածություն սահմանին բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ նաեւ սա է եղել հայելային հետքաշման առաջարկը։
Անդրադառնալով տարաձայնությունների թեմային, Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմն ամեն ինչ քննարկում է Բրյուսելում՝ հրապարակայնորեն ներկայացնում, ինչն ամբողջովին համապատասխանում է գործընթացին։
Արմեն Գրիգորյանը հույս է հայտնել, որ բանակցություններով հնարավոր կլինի տարաձայնությունները հարթել։ Ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի՝ հայ-ադրբեջանական բանակցություններում նախ կարեւորվում է արցախահայության անվտանգությունը, որին հաջորդելու է կարգավիճակի հարցը։