Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Հունաստանի վարչապետ Միցոտակիսի միջեւ հակասություններն ու փոխադարձ մեղադրանքները շարունակվում են։
ԵՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել էր Թուրքիային․ «Եվրոպայի խորհրդին տեղյակ եմ պահելու Թուրքիայի վերջին շրջանի սադրանքների ու Միջերկրական ծովի արեւելքի կայունության վրա դրանց ազդեցության վերաբերյալ»։
Իսկ գագաթնաժողովից հետո արված հայտարարության մեջ Միցոտակիսը նշել էր, որ սադրանքներն անընդունելի են․ «Մի ժամանակահատվածում, երբ միջազգային խաղաղությունն ու կայունությունը փորձության են ենթարկվում, եւս մեկ լարվածության աղբյուրը վերջին բանն է, ինչի կարիքը կա մեր տարածաշրջանում»։ Թուրքական մամուլում այս խոսքը որակվել էր որպես լկտի հայտարարություն։
Հունիսի 1-ին Թուրքիայի Մեջլիսում կայացած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում Էրդողանն արձագանքել է Միցոտակիսի ելույթին․ «Երեկ նույնը հայտնեցի նաեւ մեր արտաքին գործերի նախարարին։ Հունաստանն անուղղելի է, բարձր մակարդակով ռազմավարական համաձայնագիրը խզում ենք։ Այսպիսով՝ սրանց հետ այլեւս երկկողմանի հանդիպումներ չենք իրականացնելու։ Պատմությունից ոչ մի դաս չե՞ս քաղում։ Թուրքիայի հետ խաղ մի՛ արա»,- մեջբերում է Sabah օրաթերթը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետ Միցոտակիսն ԱՄՆ կատարած այցից հետո իր համար այլեւս գոյություն չունի։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը