Ախուրյան համայնքի Հովունի, Վահրամաբերդ, Քեթի բնակավայրերում ամառը մեկնարկեց կարկտահարությամբ: Հինգ-յոթ րոպե տեւած կարկուտը վերածվել է հորդառատ անձրեւի, քանդել ցանքատարածությունները, քշել տարել հողն ու նորածիլ սերմը: Կարկուտն ու ջրհեղեղը ողողել են գյուղերի ե՛ւ վարչական տարածքները, ե՛ւ դաշտերը:
Քանի որ գյուղատնտեսական տարին նոր է մեկնարկել, կարտոֆիլի եւ բանջարանաբոստանային այլ մշակաբույսերի դաշտերը մասամբ են վնասվել: Փոխարենը ցորենի եւ գարու ցանքատարածություններն ու մրգատու ծառերը բերքի հույս գրեթե չեն թողել:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ վնասի չափը դեռեւս ճշտված չէ: Ոլորտի մարզային պատասխանատուներն ասում են՝ նախնական դիտարկումով լուրջ վնասներ չկան: Արտակարգ իրավիճակների պայմաններում հասցված վնասների գնահատման համայնքային հանձնաժողովը վաղը կայցելի բնակավայրեր, կհաշվառի ու տեղեկություն կտա վնասի չափի մասին:
Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ, գյուղատնտեսության հարցերի համակարգող Վարդան Իկիլիկյանը գնահատող հանձնաժողովի անդամ է: Կարծում է, որ նմանօրինակ կարկտահարությունների վտանգը հակակարկտային համակարգը ուշ է որսում: Այս տեսակի կարկտաբեր ամպերը ցածր ու ծանր են, եւ մինչեւ հակակարկտային ներգործություն են կատարում, այլեւս օգուտ չի տալիս:
Գյուղատնտեսական ոլորտի մասնագետն ասում է՝ կարկուտից տուժած երեք գյուղն էլ հակակարկտային կայաններ են ունեցել, սակայն դրանց մի մասն անսարք է եղել: Կայանները սպասարկող կազմակերպությունը վերանորոգող մեկ մասնագետ ունի, որը չի հասցնում մարզերում խափանված կայանները վերականգնել:
Իկիլիկյանն ասում է, որ ռադիոլոկացիոն համակարգում եւս խնդիրներ կան. Շիրակի եւ Լոռվա մարզերի համակարգերը կառավարվում են մեկ կետից, ինչի պատճառով էլ հաճախ ուշ են ներգործում ամպերի վրա:
Որ կգան, հաշվարկներ կանեն, վնասի չափ կարձանագրեն, գյուղացիները գիտեն, բայց ասում են՝ դրանից օգուտ չունեն: Փոխհատուցման չեն էլ սպասում: Ոչ թե կարիքը չկա, այլ գիտեն, որ չեն տա: Ստիպված ինքնուրույն ելքեր են գտնելու, հնարավորության դեպքում էլ վերացանք կանեն:
Գյուղատնտես, գյուղատնտեական բաժնի առաջատար մասնագետ Գեւորգ Աբրահամյանը բնական աղետների հետեւանքով վնասված ցանքատարածքների փոխհատուցումը նույնպես բացառում է: Ասում է՝ ապահովագրությունն է գալիս փոխարինելու դրան: «Ճիշտ է, ուղիղ պարտադրանք չկա, որ ցանքատարածքներն ապահովագրվեն, բայց անուղղակիորեն է պարտադրվում: Եթե ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկից ես օգտվում, պետք է ապահովագրես հողերը: Իսկ որ այսօր առանց վարկի գյուղատնտեսությամբ զբաղվել չես կարող, դա անհերքելի է»: Գյուղատնտեսը չի հերքում, որ ապահովագրությունը ճիշտ է, բայց մտավախություն ունի. «Կկարողանա՞ն կամ կուզե՞ն ճիշտ կազմակերպել եւ ստույգ հաշվարկել գյուղացու կրած վնասը»:
Մեկ հեկտար կարտոֆիլի դաշտն ապահովագրելը 50-150 հազար դրամ արժի՝ ըստ սերմացուի որակի եւ վերարտադրության տարեթվի:
Նշենք, որ Շիրակի մարզում գործում է շուրջ 200 հակակարկտային կայան: Դրանց արդյունավետությունը, սակայն, ոչ ոք երաշխավորել չի կարող: Կայանները երբեմն ցրում են կարկտաբեր ամպերը, երբեմն էլ թողնում, որ սեւ ամպերն անարգել իրենց սեւ գործն անեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։