Ըստ «Մոլդավսկիե վեդոմոստի» գործակալության՝ Հանրային քաղաքականությունների ինստիտուտի պատվերով CBS Research ընկերությունն անցկացրել է hասարակական կարծիքի հարցում, ըստ որի Մոլդովայի ամեն հինգերորդ քաղաքացի երկրի քաղաքական գործիչներին կոռումպացված է համարում:
Հարցման համաձայն՝ 20,3%-ը կոռումպացված է համարում Մոլդովայի բացարձակապես բոլոր քաղաքական գործիչներին, 56,1%-ը՝ մեծ մասին, 16,2% -ը կոռումպացված է համարում «միայն քչերին», եւ 2,6%-ը՝ «ոմանց»:
Հարցման մասնակից 14%-ի կարծիքով Մոլդովան կառավարվում է ժողովրդի կամքով, մինչդեռ 73% -ը համամիտ չէ այդ տեսակետի հետ:
Հարցվածների 26,8%-ը դժգոհ է տնտեսական վիճակից, 37%-ն այնքան էլ գոհ չէ, 29,1% -ը միաժամանակ բավարարություն եւ տագնապ է զգում եւ միայն 3,7%-ն է լիովին գոհ երկրի տնտեսական քաղաքականությունից:
Հարցման համաձայն՝ 31,5%-ը ներկայիս եկամուտները բավարար են համարում արժանավայել կյանք վարելու համար, թեեւ անպաճույճ: 39,3% -ի եկամուտները բավարարում են միայն անհրաժեշտ ապրանքների համար, իսկ 19,8% -ը նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներին համապատասխանող եկամուտ չունի: Եվ միայն 0,9% տոկոսն իրեն չի զրկում ոչ մի նյութական հաճույքից: