2022-ին ՀՀ մայրաքաղաքում նախատեսվում է երեք միջազգային մրցաշարերի կազմակերպում եւ անցկացում: «Երեւան օփեն 2022» միջազգային մրցաշարը Երեւանում կանցկացվի հոկտեմբերին, «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշարը՝ հունիս-հուլիսին, իսկ «Պատանիների շախմատիստների եւ շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»-ը՝ դեկտեմբերին։
Երեւանում նախատեսվող վերոնշյալ երեք միջազգային մրցաշարերի կազմակերպման նպատակով «Երեւանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում 2022-ին կհատկացվի 22 միլիոն 315 հազար դրամ:
14 երկրի ավելի քան 310 շախմատիստ
Հոկտեմբերին նախատեսվող «Երեւան օփեն 2022» միջազգային մրցաշարին կմասնակցի 14 երկրի ավելի քան 310 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14 միլիոն դրամ։
10 շախմատիստ, 6-ը՝ Հայաստանից, եւ 4-ը՝ արտերկրից
Հունիս-հուլիս ամիսներին կանցկացվի «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կկազմի 2 միլիոն 550 հազար դրամ: Մրցաշարի ընդանուր ծախսը կազմելու է 4 միլիոն 539 հազար դրամ։ Մրցաշարին մասնակցելու է 10 շախմատիստ. 6-ը՝ Հայաստանից, եւ 4-ը՝ արտերկրից։
2006-ից հետո ծնված 5 պատանի շախմատիստ
Դեկտեմբերին նախատեսվող «Պատանիների շախմատիստների եւ շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշարին» մասնակցելու է 5 պատանի շախմատիստ՝ 2006-ից հետո ծնված, ինչպես նաեւ 5 լավագույն շախմատային մարզիչներ՝ երկու շրջանով։ Մրցանակային ֆոնդը կկազմի 3 միլիոն 350 հազար դրամ։ Մրցաշարի ընդանուր ծախսը կկազմի 3 միլիոն 775 հազար դրամ։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում եւ փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ակնկալվում է, որ շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի իրականացումը լայն հնարավորություններ կստեղծի երիտասարդ եւ խոստումնալից հայ շախմատիստների փորձի ձեռքբերման ու մասնագիտական աճի համար։