«Սա ընտրակաշառքի առաջին ընձյուղն է»,- ասում է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը՝ անդրադառնալով կառավարության փետրվարի 18-ի որոշմանը՝ հանել սահմանափակումներն ու 2021 թվականին կրկնապատկել՝ 9 մլն լիտրի հասցնել կոնյակի արտահանումը, ավելին՝ 900 մլն դրամ հատկացնել տուրքի փոխհատուցմանը։
Կոնյակի սպիրտի ներկրման եւ արտահանման ծավալները սահմանվել էին դեռ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այս որոշումը բացատրեց ճգնաժամային իրավիճակով։ Նախ՝ 2020 թվականին կոնյակագործները գնել են 235 հազար տոննա խաղող, ինչը 70 հազար տոննայով ավելի էր 2019-ի համեմատ։ Բացի այդ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կոնյակագործները կանգնել էին իրացման խնդրի առաջ եւ հրաժարվում էին խաղող մթերելուց։ Խաղողագործների բողոքներից եւ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցելուց հետո միայն գործարաններն ընդունեցին խաղողը։ Եվ կուտակած արտադրանքն իրացնելու պատճառաբանմամբ է գործադիրը հանում սահմանափակումները, փոխհատուցում արտահանման տուրքը։
Տարիներ շարունակ խաղողի արտադրության եւ մթերման թվերը մասնագետները համարել են կեղծված։ Վիճակագրությունն էլ դա է ապացուցում. նախկինում ոլորտը համակարգող գերատեսչության՝ գյուղատնտեսության նախարարության տվյալներով խորհրդային տարիներին, օրինակ՝ 1981-ին, Հայաստանն ուներ ավելի քան 36 հազար հեկտար խաղողի այգիներ, որոնցից ստացել էր 361 հազար տոննա խաղող: Անկախացումից անմիջապես առաջ ուներ 29 հազար հեկտար խաղողի այգիներ, որից ստացել էր 143 հազար տոննա բերք:
Անկախության առաջին 10 տարիների ընթացքում խաղողի այգիները կրճատվել են ավելի քան 50 տոկոսով՝ հասնելով 14800 հեկտարի։ 2017 թվականին ՀՀ-ն ունեցել է 15800 հեկտար խաղողի այգիներ եւ 210 հազար տոննա բերք: Իսկ անցած տարի նույնքան այգիներից, ինչպես նշեցինք, մթերվել է 235 հազար տոննա խաղող։ Այսինքն՝ 1981 թվականի համեմատ այգիների մակերեսը ավելի քան կիսով չափ նվազել է, բայց խաղողի քանակը քիչ է կրճատվել։ Մասնագետները, սակայն, կարծում են, որ ուռճացվում են խաղողի արտադրության ու մթերման ծավալները։ Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն նշում է՝ անկախության 30 տարիներին ամենաբերքառատը եղել է 2015 թվականը, բայց ստացվել էր, օրինակ՝ անցած տարվանից ավելի քիչ՝ 216 հազար տոննա խաղող։
Ավագ Հարությունյանն ասում է՝ ամեն տարի խաղողի արտադրության թիվը մոտ 100 հազար տոննայով ուռճացվում է։ Բանն այն է, որ տարիներ շարունակ ներկրվել եւ արտահանվել է մեծ քանակության կոնյակի սպիրտ, եւ դա արվել է հայկական կոնյակի կամ կոնյակի սպիրտի անվան տակ։ Եվ որպեսզի այդ կեղծիքը չբացահայտվի, խաղողի արտադրության ու մթերման թվերն են ուռճացվել։ Արդյունքում աներեւակայելի մեծ, ասում են՝ մինչեւ 200 մլն դոլարի ստվերային շրջանառություն է եղել։ Այդ կեղծիքի հեղինակ գործարարները հարստացել էին, իսկ հայկական կոնյակի համբավն ընկել էր։
«Թվերն այնպես էին խեղաթյուրվել, որ արդեն գերազանցում էինք ԽՍՀՄ տարիների ցուցանիշները։ Որպեսզի ցույց տան՝ սպիրտը խաղողից է, պիտի կեղծեին։ Դրանում մեծ մասնակցություն ունեին երկրի բարձրագույն իշխանությունը, տեղական եւ համայնքային ղեկավարները, քանի որ թվերը նրանք էին տալիս»,- ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«ՀՀ-ի համար շատ վատ էր, կեղծիքի բույն էր, աշխատատեղերի ու բյուջեի կորուստ։ Բացասական շատ հետեւանքներ ուներ, դրա համար որոշվել էր սահմանափակում մտցնել, որ ներսում աշխատատեղեր բացվեին, կոնյակ արտադրվեր, կոնյակն արտահանվեր, եւ բյուջեն լցվեր»,- հավելում է Հարությունյանը։
Դա գիտեր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի սեպտեմբերին, նա այցելել էր Արմավիր՝ Երեւանի կոնյակի գործարանի մթերման կայան, եւ այսպիսի հայտարարություն արել․ «Այսօր ասում են, որ որոշ գործարաններ ոչ թե խաղող են մթերում, այլ թվեր են հրապարակում, որ հետո ուրիշ տեղից սպիրտ բերեն, ցույց տան, որ խաղող են մթերել եւ այդ խաղողից սպիրտ են ստացել»։
Վարչապետը նաեւ խոստացել էր, որ մաքսային ծառայությունը կվերահսկի այդ գործընթացը, գործարաններում ստուգումներ կիրականացվեն, եւ կեղծիքները կբացահատվեն։ Այս հայտարարությունից երկու տարի անց ոչ միայն որեւէ բացահայտում չեղավ, այլեւ կարծես թե նորից թույլատրվեցին կեղծիքներ։
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքին, կոնյակ արտադրող եւ արտահանող գործարարները քաղաքականությամբ էին զբաղվում։ Զբաղվում են նաեւ հիմա։ Գիտենք՝ ովքեր են նրանք, ո՛ր կուսակցության ղեկավար կամ անդամներն են եւ ինչ գործարաններ ունեն։
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նրանք գյուղացու հետ պայման էին կապում, որ կմթերեն խաղողը, եթե ձայն տան իրենց կամ իրենց ներկայացրած ուժին, նախագահական ընտրություններին՝ իրենց պաշտպանած թեկնածուին։ Եվ այդ մեխանիզմը աշխատել է։ Այդպիսով խաղողի մթերումը դառնում էր հազարավոր գյուղացիներից քվե կորզելու միջոց, խաղողը՝ քաղաքական ապրանք։
Ավագ Հարությունյանի կարծիքով՝ կառավարությունը հանեց կոնյակի սպիրտի ներմուծման եւ արտահանման արգելքը, քանի որ որոշ արտադրողների եւ արտահանողների կողմից ճնշում կար։ Նա չասաց՝ խոսքն ում մասին է, նշեց միայն, որ դաշտում գործում են ավելի քան 50 ընկերություններ։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։