Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած Հայրենիքի փրկության շարժումը, որ Հայաստանում վարչապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների խթան հանդիսացավ, Ստեփանակերտում մեծ հաշվով մնաց «չնկատված»։ Ազգային ժողովի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերն ունեին սեփական օրակարգը՝ հասնել Արայիկ Հարությունյանի հրաժարականին կամ նրա հետ ձեւավորել «համախոհության կառավարություն»։
2021 թվականի ընթացքում այս հողի վրա Արցախում իրավիճակը մերթ սրվում, մերթ խաղաղվում էր։ Ի վերջո առավել արմատական ուժերը եկան համաձայնության, որ փաստացի իրավիճակում պետք է խնայել պետական ինստիտուտները, նախագահի հրաժարականից հետո կարող է նոր ընտրություններ չարտոնվեն, ուստի նախընտրելի է պահպանել ներքաղաքական ստատուս-քվոն՝ կառավարման համակարգում ընդդիմության ներկայացվածության ընդլայնմամբ։
2022 թվականը, սակայն, սկսվեց անսպասելի «սրացումով»։ Հունվարի վերջին lragir.am-ը հարցազրույց արեց ՀՀ նախագահի նախկին խորհրդական Թեւան Պողոսյանի հետ։ Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, վերջինս հայտարարեց, որ եթե Արցախը համարում ենք կայացած միավոր, ապա նրա իշխանությունները «պետք է կարողանան իրենց շահերը պաշտպանել», իսկ դրա համար, «բացի հայտարարություններից, Արցախում եւ Հայաստանում պետք է ընդունեն ադրբեջանական օկուպացիայի մասին օրենք, ինչպես անում են բոլոր այն երկրները, որոնք առերեսվել են օկուպացիայի հետ»։
Մի քանի օր անց Թեւան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ զանգահարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը եւ հայտնել «շատ սպասված ու լավ լուր՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ»։
Նույն տեղում Թեւան Պողոսյանը հույս հայտնեց, որ օրինագիծը կքննարկվի եւ կընդունվի փետրվարին՝ «Միացում շարժման 34-րդ տարեդարձի խորհրդով»։ Օրինագիծն, իրոք, քննարկման դրվեց արագացված ընթացակարգով, փետրվարի 16-ին ընդունվեց առաջին, իսկ 18-ին՝ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։ Արցախի Ազգային ժողովում, երեւի, անցած երեսուն տարիներին որեւէ օրենքի նախագիծ նման բախտի չի արժանացել, երբ նախաձեռնության եւ ընդունման միջակայքն ընդամենը երկու շաբաթ է։
Արդեն փետրվարի երկրորդ տասնօրյակում լրահոսում տեղեկություններ հայտնվեցին, որ թշնամին կրակ է բացել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող հայ մարդկանց ուղղությամբ, իսկ հաջորդ օրերին Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը երեւանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներին պարբերաբար տեղեկություններ էր տրամադրում, որ թշնամու զինծառայողները «բարձրախոսով հայերեն լեզվով հորդորում են գյուղացիներին լքել գյուղը»։
Հաջորդեցին մամուլի հրապարակումներ, որ թշնամին կրակում եւ հոգեբանական ազդեցության գործողություններ է իրականացնում նաեւ Կարմիր շուկա եւ Թաղավարդ համայնքներում։ Իրավիճակի գնահատման համար Խրամորթ, Կարմիր շուկա եւ Թաղավարդ այցելեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչպես նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Արցախի Տեղեկատվական շտաբը ծանուցեց, որ պատկան մարմինները բանակցությունների մեջ են ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։ Անգամ արձանագրվեց, որ խաղաղապահները Թաղավարդում բարձրախոսով դիմել են ադրբեջանական կողմին՝ հորդորելով զերծ մնալ «իրավիճակն ապակայունացնող քայլերից»։
Այդուհանդերձ, Խրամորթից տեղեկություններ էին ստացվում, որ կանայք, ծերերը եւ երեխաները տարհանվում են։ Ավելի քան երկու շաբաթ տիրում էր անորոշություն, իսկ մարտի 8-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանից Արցախ մտնող բարձր ճնշման գազատարը «վթարվել է»։
«Արցախգազ» ՓԲԸ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հավաստիացվեց, որ «արդեն սկսված են վերականգնողական աշխատանքները՝ արագ եւ կարճ ժամկետներում գազամատակարարումը վերականգնելու համար», մինչդեռ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Շուշիի հարեւանությամբ գտնվող անտառածածկ տարածքներից ուժեղ պայթյուններ են լսվել, հետո իրենք պարզել են, որ «տարածքում գազատար է պայթեցվել»։ Պատգամավորի դիտարկմամբ՝ թշնամուն «խիստ դուր չի եկել Արցախի կողմից Ուկրաինային տրամադրված․․․ հումանիտար օգնության փաստը, որի մասին Ռուսաստանի կողմից հայտարարվելը Բաքվում գնահատել են որպես սադրանք ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ»։
Թե ով էր նախաձեռնել, որ ճգնաժամային իրավիճակում գտնվող Արցախից 14 տոննա մարդասիրական օգնություն առաքվի Դոնբաս, այդ մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չտարածվեց, բայց նույն «Արդարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ Ստեփանակերտի հանրահայտ «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողին հարող տարածքում կազմակերպվեց ակցիա հաջակցություն Դոնեցկի եւ Լուգանսկի անկախության։
Արցախում գազամատակարարումը վերականգնվեց մարտի 21-ին եւ երկու օր հետո կրկին խափանվեց։ Այս անգամ տեղեկություն տարածվեց, որ վթարված/պայթեցված հատվածը վերանորոգելիս ադրբեջանական կողմը փական է տեղադրել։ Մարտի 24-ին թշնամական ուժերը մտան Փառուխ, մի քանի օր մարտեր ծավալվեցին Քարագլխի բարձունքում։ Իրավիճակը համեմատաբար կայունացավ ապրիլի 6-ին Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո։
շարունակելի
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։