Վարդան Հարությունյանը Լեհաստանում հատուկ «Ալիք Մեդիայի» համար զրուցել է պատերազմի հետեւանքով Կիեւից տեղահանված հայ կնոջ՝ Աննայի հետ։
Աննան Երեւանից է։ Մասնագիտությամբ՝ կենսաբան, գիտությունների թեկնածու։ Չորս տարուց ավելի Կիեւում է ապրում։ Աշխատում է տեղի ինստիտուտներից մեկում որպես գիտաշխատող։ Ունի երկու երեխա, սպասում է երրորդին։
Մինչեւ վերջին վայրկյանը չէի հավատում, որ նման մասշտաբի պատերազմ լինելու է։ Այդ մասին, այո՛, շատ էր խոսվում, վտանգը կար, իհարկե, բայց հավատալու չէր։ Մենք էլ էինք տանն այն քննարկում։ Ամուսնուս ասում էի՝ եթե պետք է պատերազմը սկսվի, լավ կլինի, որ այն գիշերը սկսվի։ Դա ինձ համար անչափ կարեւոր էր։ Որովհետեւ ցերեկը մեր ընտանիքի անդամները տարբեր վայրերում են։ Փոքրս լինելու էր մանկապարտեզում, մեծս, որ ինը տարեկան է՝ դպրոցում, ամուսինս՝ իր գործերով։ Նման արհավիրքի դեպքում կարեւոր է, որ ընտանիքի անդամները լինեն միասին։ Ցանկությունս, փաստորեն, իրականացավ։ Պատերազմը սկսվեց գիշերը. բոլորս միասին էինք։
Արագ արթնացրի ու հագցրի երեխաներին։ Որքան էլ որ պատերազմին չէի սպասում, խոսակցությունները հաշվի առնելով, առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ նախապես պատրաստել էի։
Բնակարանի լուսամուտից դիտելով Կիեւից դուրս գնացող ճանապարհի աներեւակայելի չափերի հասնող խցանումը եւ հակառակ ուղղությամբ շարժվող զինվորական ավտոշարասյուները՝ մտածում էի՝ վերջ, ավարտվել է մեր նախկին կյանքը, նոր իրականություն է այլեւս, հինը, որը սիրելի էր այդքան, էլ չի լինելու։
Օդային տագնապ էր հայտարարված։ Մեզ թաքստոց էր պետք։ Իջանք մետրո։ Այնտեղ անցկացրինք ողջ օրը եւ հաջորդ գիշերը։ Ավելի հարմար թաքստոց գտնելու նպատակով հարեւանների հետ սկսեցինք ուսումնասիրել շրջակա շենքերի նկուղները։ Հենց մեր շենքի քիչ թե շատ մաքուր նկուղում որոշեցինք ռմբապաստարան կազմակերպել։ Իջեցրինք ներքնակներ, աթոռներ, այլ անհրաժեշտ իրեր։ Այդտեղ էլ պատերազմի երկրորդ գիշերն անցկացրինք։
Պատերազմը նորություն էր, մենք պատրաստ չէինք։ Ավելի ուշ հասկացանք, որ շենքերի նկուղները ռմբապաստարաններ լինել չեն կարող, որովհետեւ ռմբակոծության հետեւանքով առաջացող փլուզումները խցանում են նկուղի ելքերն ու մարդկանց զրկում դուրս գալու հնարավորությունից։ Նման շատ դեպքեր են արձանագրվել։ Առաջին օրերին այս նրբությունները չգիտեինք։
Բոլորը խոսում էին այն մասին, որ Կիեւից հեռանալ է հարկավոր, որովհետեւ ռուսների գլխավոր նպատակը մայրաքաղաքը գրավելն է, եւ այնտեղ մեծ մարտեր են ծավալվելու։ Ես ու ամուսինս այդ ուղղությամբ լրջորեն սկսեցինք մտածել, երբ արձակված հրթիռներից մեկը հարվածեց հարեւան շենքին։ Մեր աչքերով տեսանք, որ բնակելի շենքերը կարող են պայթել։ Սա արդեն քաղաքից հեռանալու հիմնավոր պատճառ էր։
Ընկերուհիներիցս մեկը պատերազմի առաջին ժամերին Կիեւից ոչ հեռու՝ Մակարովի շրջանի Պլախտյանկա գյուղ էր տեղափոխվել։ Նրանք այնտեղ ամառանոց ունեն։ Զանգահարեց, հրավիրեց իր մոտ։ Մտածեցինք, որ այնտեղ, ի տարբերություն Կիեւի բարձրահարկ շենքի 16-րդ հարկի, ավելի հարմար է լինելու, եւ ընդունեցինք հրավերը։ Երկար մնալու ծրագիր չունեինք, գնում էինք 2-3 օրով։ Հետո պետք է որոշեինք մեր անելիքը։ Այդ օրերի համար անհրաժեշտ քանակի մակարոնեղեն, բրինձ, սննդի այլ պաշար վերցրինք ու շարժվեցինք։
Գյուղը Կիեւից արեւմուտք է, հեռու չէր։ Սովորական օրերին այնտեղ հասնելու համար երեւի մի 40 րոպե էր անհրաժեշտ լինելու։ Մենք, սակայն, երկար գնացինք։ Ամենուր զինվորական անցակետեր էին։ Շատ հատվածներում ճանապարհը պետք էր շրջանցել։ Լավ է՝ ուկրաինացի զինվորականները օգնում էին, ցույց էին տալիս շրջանցող ու անվտանգ ճանապարհները։
Հասանք գյուղ։ Պարզվեց՝ ընկերուհուս հարեւանությամբ գտնվող տունը, որտեղ պետք է տեղավորվեր մեր ընտանիքը, հարմար չէ։ Երկար ժամանակ մարդ չէր ապրել, անխնամ վիճակում էր։
Գյուղում մեծ ու հարուստ գյուղատնտեսական ֆերմա կա, որի տերերը չափազանց բարյացակամ մարդիկ էին։ Նրանք մեզ երկհարկանի մի քոթեջ տրամադրեցին։
Երկու օրից պետք է դուրս գայինք, բաց իրադրությունը կտրուկ փոխվեց։ Կիեւի վրա ռուսական հարձակման ուղղություններից մեկն անցնում էր հենց այդ գյուղով, եւ մենք հայտնվեցինք շրջափակման մեջ։ Առաջինը պայթեցրին գյուղի խանութը, այնուհետեւ՝ էլեկտրակայանը, ապա՝ կապի կայանը։ Չկար ուտելիք, չկար լույս, եւ չկար կապ, անընդհատ կրակում էին։ Նույն գյուղում գտնվող մարդիկ իրարից լուր չունեին։ Ես, օրինակ, մինչեւ գյուղից հեռանալը տեղեկություններ չեմ ունեցել գյուղի մյուս ծայրում ապրող ընկերուհուցս։ Այցելությունները եւ ազատ տեղաշարժը տարածքում վտանգավոր էին։
Կապի բացակայությունը սարսափելի էր. չգիտես, թե ինչ է կատարվում շուրջդ։ Հարազատներին տեղեկություններ փոխանցել՝ ասել, որ ողջ ենք, որ մեզ հետ սարսափելի ոչինչ չի պատահել, հնարավոր չէր։ Պատկերացնել է պետք նրանց վիճակը, հատկապես որ ունեն կապ, կարող են լուրերին հետեւել ու գիտեն, թե ինչ է կատարվում այնտեղ, որտեղ մենք ենք։
Մենք հրաշք մարդկանցով էինք շրջապատված։ Գյուղում գտնվելու բոլոր օրերին մեր ընտանիքը անմոռանալի հոգատարություն է տեսել։ Խանութ չկար, մատակարարում չկար, ալյուր ունեցողներն իրենք էին հաց թխում։ Ամեն օր մեզ հաց էին բերում։ Բերում էին նաեւ ձու, կարտոֆիլ, այն ամենն, ինչ ունենում են գյուղացիները։ Ծանոթ-անծանոթ մարդիկ ամեն կերպ օգնել եւ աջակցել են մեր ընտանիքին։
Մարտական գործողություններն անընդհատ էին։ Հրթիռների պայթյունների հրացոլքը առօրյա էր։ Երեք տարեկան փոքրիկս հրթիռների ու արկերի արձակած ձայներն ու պայթյունները նույնացնում էր իր մուլտերին։ Ասում էր՝ մամա, դինոզավրիկ-պտերոդակտիլն է հարձակվում մեզ վրա։ Տանը մնալը, հատկապես քնելը, վտանգավոր էր։ Ֆերմայում գտնվող ցորենի պահեստում ռմբապաստարան կազմակերպեցինք ու ֆերմայի աշխատակիցների հետ այնտեղ էինք քնում՝ շորերով, կոշիկներով։ Ցուրտ էր, բայց անվտանգ՝ համեմատաբար, իհարկե։
Ֆերմայում կային հսկայական ջերմոցներ, որտեղ համապատասխան ջերմաստիճան պետք է ապահովվի։ Այդ նպատակով օրը չորս ժամով գործարկում էին տարածքում գտնվող դիզելային գեներատորը։ Գյուղում միայն մենք էինք չորս ժամով հոսանք ունենում, ինչը ճաշ եփելու ու տաք ջուր ունենալու հնարավորություն էր ընձեռում։ Ի տարբերություն մնացած բնակիչների՝ մենք, կարելի է ասել, երանելի պայմաններում էինք։
Մեր պատմության նման պատմություններ շատ կան, օրինակ՝ մեր ինստիտուտի տարեց գիտաշխատողներից մեկինը։ Նա ուկրաինախոս մի հրաշալի մարդ է, փայլուն գիտնական։ Պատերազմից մի քանի օր առաջ ընտանիքի չորս անդամների հետ եղբոր ծնունդը նշելու նպատակով գնացել էր Սումայի մարզի գյուղերից մեկը։ Ողջ ընթացքում նրա հետ կապ չկար։ Զանգել չէր լինում։ Շատ ուշ կարողացա գտնել նրան։ Պատմեց, որ պատերազմի հենց առաջին օրերին ռուսները գրավել են գյուղը։ Նա տեսել էր ողջ այն սարսափը, որ բերել են ռուսներն իրենց հետ՝ տների թալան, սպանություններ, ավերածություններ, սով։ Անվտանգությունից ելնելով՝ հողի մեջ է թաղել իր հեռախոսը, որ ստուգող ռուս զինվորականները հեռախոսում եղած ուկրաինալեզու գրառումները չտեսնեն ու չիմանան, թե ով է ինքը։
Մինչեւ մարտի 29-ը՝ 33 օր, փաստորեն նրանք ապրել են այնպիսի պայմաններում, ինչպիսին մեր գյուղում էր. չի եղել սնունդ, չի եղել կապ, դուրս գալու հնարավորություն։ Գյուղացիներն իրենց ունեցած ալյուրից են հաց թխել ու փոքր կտորներով բաժանել շրջակայքում ապրողներին։ Ռմբահարումների ժամանակ թաքնվել են տների նկուղներում։ Պատմեց, որ մարտի 29-ին շատ ավելի սաստիկ են եղել մարտերը։ Ողջ օրը նկուղներում թաքնված մարդիկ չընդհատվող պայթյուններ են լսել, դուրս գալու հնարավորություն չեն ունեցել ու չեն հասկացել, թե ինչ է կատարվում։ Խաղաղվելուց հետո են միայն նկուղներից դուրս եկած մարդիկ ուրախությամբ տեղեկացել, որ ուկրաինական բանակն ազատագրել է գյուղը։
Գյուղում ապրելը շատ վտանգավոր էր։ Սպառվում էր նաեւ ուտելիքը։ Շատերի նման մենք էլ էինք գյուղից դուրս գալու մասին մտածում։ Գեներատորի համար նախատեսված վառելիքն ավարտվում էր։ Պարզ էր՝ առջեւում ավելի դժվար օրեր են լինելու։
Գյուղի ծայրամասում գոլֆի ակումբ կար։ Ռուսներն այնտեղ էին տեղակայված։ Գյուղ մտնել, հատկապես մեր բնակության վայրին մոտենալ չէին համարձակվում, որովհետեւ մեզնից ոչ հեռու ուկրաինական բանակն էր դիրքավորված։ Բայց իրենց տեսադաշտում հայտնված մեքենաների վրա կրակում էին։ Նրանց համար բոլորովին նշանակություն չուներ՝ քաղաքացիակա՞ն են մեքենաները, թե՞ զինվորական։ Մարտի 9-ին 20 ավտոմեքենաներից բաղկացած մի շարասյուն քահանայի գլխավորությամբ փորձեց դուրս գալ գյուղից։ Բոլոր մեքենաների վրա գրել էին «երեխաներ» ու սպիտակ դրոշներ էին տեղադրել։ Ռուսները, սակայն, կրակ էին արձակել։ Շարասյունը երկու վիրավորներով հետ դարձավ։
Անվտանգ դուրս գալու տարբերակի էինք սպասում։ Հարմար պահ էր պետք։ Մի պահից հասկացանք՝ բոլորովին անվտանգ տարբերակ լինել չի կարող։
Մարտի 10-ին ուկրաինացի զինվորականները տեղեկացրին, որ առավոտ վաղ կարող է գյուղից դուրս գալու հնարավորություն լինել։ 11-ի առավոտյան՝ 5։30-ին, 50 ավտոմեքենա հավաքվել էր գյուղի կենտրոնում։ Կանայք ու երեխաներ էին հիմնականում։ Գիշերվա ընթացքում, սակայն, իրավիճակ էր փոխվել։ Ծանր մարտեր էին եղել, ռմբակոծություններից ճանապարհը վնասվել էր եւ, որ ավելի կարեւոր է, գտնվում էր ռուսների թիրախում։ Զինվորականներն անվտանգություն չէին խոստանում։ Ասացին՝ դուրս գալը բացառվում է։ Մենք հուսահատ էինք։ Բնակիչներից մեկը, որ լավ ծանոթ էր տեղանքին, հանձն առավ շրջանցող ճանապարհներով ուղեկցել մեզ։ Վտանգավոր էր շատ, բայց այլ ելք չկար, պետք էր գնալ այդ քայլին։ Ավելի ուշ գյուղից դուրս գալ, հաստատ, էլ չէինք կարողանալու։
Մեր շարասյունը շարժվեց։ Ամենուր մարտական գործողությունների հետքեր էին՝ ռմբակոծված գեղեցիկ առանձնատներ, պայթած դպրոցներ ու բազմաբնակարան շենքեր։
Վերջապես դուրս եկանք այնքան ցանկալի Ժիտոմիրի մայրուղի։ Ընթացած մարտերի հետքերն այստեղ շատ ավելի տեսանելի էին։ Կիսապայթած կամուրջն էր, որով պետք է անցնեինք, կամրջի շուրջը՝ այրված ռուսական զինտեխնիկա՝ տանկեր, զրահամեքենաներ, ավտոմեքենաներ։ Ճանապարհի ողջ երկայնքով պայթած կամ գնդակոծված քաղաքացիական ավտոմեքենաներ էին ու դիեր։ Ես շեղում էի երեխաների ուշադրությունը, փակում էի նրանց աչքերը, որ այդ պատկերները չտեսնեն։
Մայրուղի դուրս գալուց հետո մեր շարասյունը փոքրացավ։ Ոմանք շարժվեցին հետ՝ դեպի Կիեւ, ոմանք՝ հարավ, իսկ մենք ուղեւորվեցինք արեւմուտք։ Ողջ ընթացքում հանդիպում էինք ուկրաինացի զինվորականների, որոնք շատ բարյացակամ էին, ամեն կերպ աջակցում, ճիշտ ու անվտանգ ճանապարհ էին ցույց տալիս։
14 օր մարտական գործողությունների կիզակետում լինելուց հետո՝ մարտի 11-ի ուշ երեկոյան, հասանք Լվով։ Թվում էր՝ բոլորովին այլ աշխարհում ենք։ Քաղաքը լցված էր փախստականներով։ Բնակության վայր գտնելն անհնարին էր։ Մեր ծանոթների միջոցով կարողացանք հյուրանոց գտնել Լվովից 70-80 կմ հեռավորության վրա գտնվող Սամբոր քաղաքում։
Մի քանի օրից ես ու երեխաներն անցանք Լեհաստան ու հաստատվեցինք Վարշավայում։ Լվովից Լեհաստան ճամփորդության ժամանակ մեզ շատ օգնեց կազմակերպությունը, որտեղ աշխատում է ամուսինս։ Այն մեծ միջազգային կազմակերպություն է։ Նրանք մեզ իրենց հաշվին ու իրենց ավտոմեքենայով Լեհաստան հասցրին։ Ամուսինս, որ զորակոչի տարիքի է, մնաց Ուկրաինայում։
Կարճ ժամանակ անց Մակարովի ողջ շրջանը եւ Պլախտյանկա գյուղը, որտեղ մենք շրջափակված էինք, ուկրաինական բանակն ազատագրեց։ Երբ հնարավոր եղավ, մենք անմիջապես կապվեցինք ֆերմայում մնացածների հետ ու ցավով տեղեկացանք, որ մեր դուրս գալուց հետո ռուս զինվորականները ներխուժել եւ անհայտ ուղղությամբ տարել են ֆերմայի տիրոջը՝ հավանաբար գումար կորզելու նպատակով։ Երկար ժամանակ նրանից լուր չկար, կարծում էինք՝ սպանել են։
Մակարովի շրջանում, Իրպենում, Բուչայում եւ հարակից տարածքներում շատ սպանություններ են արձանագրվել։ Այսքան ժամանակ է անցել, բայց մինչեւ օրս էլ ընդհանուր գերեզմաններ են հայտնաբերվում, որտեղ գնդակահարված քաղաքացիականների դիեր են։ Մի գեղեցիկ օր, սակայն, տեղեկացանք, որ նա ողջ է, Ռուսաստանի բանտերից մեկում է։ Շատ էինք ուրախացել։ Ռուս զինվորականները, փաստորեն, նահանջելիս առեւանգված քաղաքացիական մարդուն իրենց հետ տարել էին Բելառուս, իսկ այնտեղից՝ Ռուսաստան։ Հետագայում ուկրաինական կողմը, ի թիվս այլ քաղաքացիականների, նաեւ նրան ռուս գերիների հետ փոխանակեց։
Մենք մեկ ծրագիր ունենք՝ անհամբեր սպասում ենք Ուկրաինայի հաղթանակին, որ Կիեւ վերադառնանք։ Լեհաստանում մեզ շատ լավ են վերաբերվում, ամեն կերպ աջակցում են, բայց միեւնույնն է, վերադարձի հույսով ենք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։