Արցախի դատախազությունը հրապարակել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչեւ 2022-ի հունիսի 1-ը արդբեջանական զինուժի կողմից արցախցիների դեմ կատարված հանցավոր դեպքերի վերաբերյալ տվյալները:
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչեւ 2022-ի հունիսի 1-ը Ադրբեջանի զինուժը արցախցիների նկատմամբ կատարել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց առնչությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ: Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել եւ ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը:
Արցախի դատախազությունից հայտնել են, որ 2020-ի նոյեմբերից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու եւ Շուշիի շրջանների գյուղերի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ: Կրակոցների միջոցով փորձ է արվում ահաբեկել խաղաղ բնակչությանը եւ նրանց մշտապես պահել վախի մթնոլորտում: