Բրյուսելում ապրիլի 6-ին Իլհամ Ալիեւի հետ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպումից մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսեց Փառուխի մասին եւ բավական թափանցիկ ակնարկեց, որ Փառուխը կարող է կրկնվել, եթե բանակցությունները փակուղի մտնեն։
Փաշինյանը նաեւ ասաց, որ միջազգային հանրությունն ակնկալում է Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի մի փոքր իջեցում. եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի մոտեցումների շուրջ հնարավոր է հասնել կոնսոլիդացիայի։
Հաջորդ օրն Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների անունից տարածվեց չափազանց կոշտ հայտարարություն։ Իմաստն այն էր, թե Նիկոլ Փաշինյանը կարգավիճակի հարցում Արցախի անունից բանակցելու մանդատ չունի, ինքնորոշման իրավունքի տերը արցախահայությունն է։
Տասն օր անց Երեւանում ընդդիմությունը ջահերթ կազմակերպեց եւ հայտարարեց, որ անցնում է փողոցային պայքարի, որպեսզի կանխի «Արցախի հայաթափումը եւ Հայաստանի թուրքացումը»։
Զուգահեռաբար Արցախում սկսվեց խորհրդարանական խմբակցությունների պատվիրակների շրջայց։ Նրանք հանդիպումներ կազմակերպեցին Ասկերանում, Մարտակերտում եւ Մարտունիում։ Իշխանության տեղական մարմինների ներգրավվածությունն այդ միջոցառումներին ակնհայտ էր։ Դահլիճներում հավաքվում էին հիմնականում գյուղական համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, մշակույթի բնագավառի աշխատողներ։ Նրանք լսում էին պատգամավորների ելույթները, կատարում իրենց պարտքը եւ վերադառնում ամենօրյա գործին, մինչեւ Երեւանի Ֆրանսիայի հրապարակի տրամադրությունները կտարածվեին նաեւ Ստեփանակերտում։
Առաջին «ծիծեռնակը» պետական «Վարարակն» երգչախումբն էր, որ Ստեփան Շահումյանի արձանին հարող պուրակում կատարեց «Զարթի՛ր, լաո» երգը եւ տարածեց Ֆեյսբուքում։ Հաջորդ օրը Հաթերքի դպրոցի մի խումբ աշակերտներ «Նիկոլ հեռացիր» եւ «Նիկոլ դավաճան» ցուցապաստառներով լուսանկար հրապարակեցին, ապա Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ տեսանյութ տարածվեց, իսկ Ֆրանսիայի հրապարակում հայտնվեցին արցախյան գյուղերի անուններով վրաններ, զանգվածային միջոցառումների մասնակիցների շարքերում ավելի ու ավելի տեսանելի դարձան արցախյան նախկին բարձրաստիճան զինվորականներ, պետական պաշտոնյաներ, Ազգային ժողովի գործող պատգամավորներ։
Մայիսի 23-ին Արցախի Ազգային ժողովի չորս խմբակցություններ տարածեցին եւս մեկ հայտարարություն՝ այս անգամ Նիկոլ Փաշինյանին ուղղակի մեղադրելով «Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու» մտադրության համար։ Նման տպավորությունը բացատրվեց Բրյուսելում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի բանակցություններից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հաղորդագրության «Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության եւ իրավունքների» հարցի քննարկման մասին ձեւակերպմամբ։
Հաջորդ օրը՝ մայիսի 24-ին, առանձին հայտարարություն տարածեց Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որում ԼՂ եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների բրյուսելյան հարթակը գնահատված էր «անպտուղ»։ Ըստ այդմ` բանակցությունները կա’մ պետք է կազմակերպվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, կա’մ արդեն նախադեպային՝ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձեւաչափով։
Ստեփանակերտում, սակայն, Սամվել Բաբայանի քայլը գնահատվեց «Արցախի հարցում միասնականությունը պառակտող» եւ համարվեց, որ դա «արվում է Նիկոլ Փաշինյանի ցուցումով»։ Ներքաղաքական սրացման բարձրակետ դարձավ մայիսի 28-ի երթը, որին հաջորդեց հանրահավաքը Վերածննդի հրապարակում։ Այդուհանդերձ, զանգվածային միջոցառմանը ոչ մի ընդդիմադիր կուսակցություն իր առաջնորդի դեմքով հրապարակային ելույթ չունեցավ։ Անհասկանալի մնաց նաեւ, թե ինչպես է համընկել երթի, հանրահավաքի եւ կառավարության համամասնակցությամբ կազմակերպված ռազմա-հայրենասիրական համերգի օրը, նույնիսկ ժամը։
Այդ առթիվ Ֆեյսբուքում պետական նախարար Արտակ Բեգլարյանի արած գրառումը ոչ մի պարզաբանում չտվեց։ Ակնհայտ էր միայն, որ երթին եւ հանրահավաքին չի մասնակցել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, իսկ միջոցառման կազմակերպիչներն են ՀՅԴ տեղական կառույցը, ինչպես նաեւ «Արադարություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», որի ղեկավար, Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը մի քանի օր հետո Արցախի հանրային հեռուստատեսության հյուրն էր եւ բաց հայտարարեց, որ ստեփանակերտյան ակցիան կազմակերպվել է hաջակցություն «Դիմադրություն» շարժման։
Այս իրավիճակում Արցախի նախագահը հրապարակում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը՝ հրավիրելով քաղաքական-հանրային քննարկումների։
Փաստացի մայիսի 28-ի զանգվածային երթով եւ հանրահավաքով ազդարարվում է, որ Արցախը մտնում է նախընտրական քարոզչության փուլ, որտեղ մի բեւեռում ՀՅԴ-ն է՝ «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների հետ, մյուսում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը»։ Իշխող Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքը դեռեւս դիրքորոշում չի արտահայտել։
Արտառոց է, որ մայիսի 28-ի երթի եւ հանրահավաքի ընթացքում Ստեփանակերտն Իլհամ Ալիեւին, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող կամ միջազգային հանրությանը հասցեագրած ոչ մի կոչ չի հնչեցրել։ Ղարաբաղյան սրացումն, այսպիսով, հասել է չափազանց վտանգավոր կետի, երբ քառասունչորսօրյա պատերազմի եւ հետեւանքների մեղավոր է նշանակված Հայաստանի իշխանությունը։
Ե՞րբ, ինչպե՞ս կկարգավորվի այս իրավիճակը։ Ո՞վ կսկսի։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։