«Ծառայության ժամանակ երբեմն բողոքում էինք պայմաններից, բայց կռվի ընթացքում երանի էինք տալիս այդ օրերին. պատերազմը շատ դաժան էր»,- զրույցն այսպես է սկսում Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Արեգ Դարբինյանը:
Նա 2019 թվականից ծառայության է անցել «Եղնիկներ» զորամասում: Մի քանի ամիս էր մնացել, որ տուն վերադառնար, երբ սկսվեց պատերազմը:
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան դիրքային պաշտպանության էի, ուժեղ ձայն լսեցինք, խառնաշփոթ էր, անհասկանալի էր, թե ինչ էր, որտեղից։ Երկրորդ հզոր պայթյունը հնչեց, արդեն պարզ էր՝ պատերազմ է սկսվել: Թշնամին կրակ էր բացել, խոշոր տրամաչափի զենքեր էր օգտագործում, առաջին պահերին նույնիսկ չէինք էլ հասկանում, թե ո՛ր ուղղությամբ էին կրակում»,- հիշում է Արեգը:
Պատերազմին միշտ էլ սպասել են ու պատրաստվել, բայց չէին կանխատեսել, որ չարաբաստիկ օրն այդքան մոտ էր: Սկզբում ամեն ինչ անսովոր էր․ վախ, հուզմունք, հուսահատություն եւ նման զգացողություններ են ունեցել, բայց օրեր անց այդ ամենը վերածվել է սովորական երեւույթի, առօրյայի մի մասի, նույնիսկ իրենց ընկած զինակիցների մարմինները տեսնելն ու նրանց կողքին կռվելը։
«Ճակատամարտի ժամանակ մտածելը հակացուցված է, պետք է միայն կենտրոնանալ մարտական գործողությունը փայլուն կատարելու եւ հնարավորինս քիչ զոհերով հաղթանակ տանելու վրա»,- նշում է Արեգը:
Սպայական անձնակազմը մշտապես քաջալերում էր իրենց: Հենց հրամանատարներն էին սխրանքներ գործում եւ օրինակ ծառայում: Զինվորներն ամեն պահի զգում էին, որ նրանք իրենց կողքին են եւ պատասխանատու՝ իրենցից յուրաքանչյուրի կյանքի համար:
Երիտասարդն ամբողջ պատերազմի ընթացքում եղել է «Եղնիկների» դիրքում, թեժ մարտեր են մղել, երբեմն նույնիսկ հակառակորդի հետ դեմ առ դեմ կռվի են ելել, սակայն հիմնական մարտը օդում էր:
«Թշնամին իր տեխնիկային այնքան էլ լավ չէր տիրապետում, մենք ավելի դիպուկ էինք կրակում, քան իրենք՝ Բայրաքթարներով: Ուղղակի նրանց տեխնիկան անհամեմատելի շատ էր։ Կարծում եմ, եթե մենք էլ այդքան ԱԹՍ-ներ ունենայինք, հաղթանակը մերը կլիներ»:
Նոյեմբերի 9-ի երեկոյան թշնամիները բարձրախոսով ռուսերեն դիմել են հայ զինվորներին, թե տարածքների մեծ մասը գրավել են, եւ կոչ արել, որ լքեն դիրքերը եւ վերադառնան իրենց մայրերի մոտ, սակայն ի պատասխան՝ հայերը կրակ են բացել: Հաջորդ օրն արդեն իմացել են հրադադարի պայմանագրի մասին, սակայն քանի որ «Եղնիկները» մնացել էր հայկական կողմին, շարունակել են մարտական հերթապահությունը: Մի կողմից ուրախ էին, որ զոհեր այլեւս չեն ունենալու, մյուս կողմից՝ հուսահատվել են՝ այդքան զոհերի արյամբ պահված տարածքներն այլեւս մերը չեն։
Արեգը հունվարի 25-ին ավարտել է ծառայությունը եւ վերադարձել տուն: Պատերազմում տեսածից եւ ապրածից հետո նա սկսել է վերարժեւորել կյանքը, ամեն ինչին այլ աչքերով նայել:
«Գնահատում եմ, որ երկու ձեռք ունեմ, երկու ոտք, որ կարողանում եմ շնչել, քայլել, նստել, խոսել։ Իսկ ամենակարեւորը՝ պատերազմն ավարտված է, թեկուզ ժամանակավորապես հնարավորություն ունենք վայելելու խաղաղությունը»,- ասում է Արեգը։
Քաղաքաքացիական կյանքին դեռ չի հարմարվել. տեսնելով երկրի ներկայիս վիճակը՝ ցավով ասում է, որ շատերը մոռացել են, որ պատերազմ է եղել, որ այդքան զոհեր են եղել, որ բազում վիրավորներ եւ հաշմանդամներ կան հիվանդանոցներում եւ վերականգնողական կենտրոններում։
«Ամեն մեկն իր գործին է, շարունակում է նույն տեմպով ապրել, ասես կռիվ չի էլ եղել: Կարծում եմ, հիմա բոլորս պետք է լինենք զոհված զինվորների ընտանիքների կողքին: Իսկ երկրի ու մեր վերքերը ապաքինելու համար մեզ դեռ շատ երկար ժամանակ է պետք, նույնիսկ մի քանի տասնամյակ»,- ամփոփում է զրույցը Արեգը: