2020 թվականի Նոր տարվա գիշերը հորեղբոր աղջիկը Հայկին գինի էր նվիրել։ Հասմիկը եղբորը նվերը տվել ու ասել էր, որ երկու տարի անց, երբ վերադառնա, միասին կբացեն շիշն ու կխմեն։ Բայց գինու շիշն այդպես էլ չի բացվի․ Հայկը զոհվեց պատերազմում։
«Հայկս խելացի, աշխատասեր, հոգատար տղա էր։ Յուրահատուկ էր»,- ասում է Լիանա Թունյանը՝ Հայկի մայրը։
2002-ին էր ծնվել, մանկուց զբաղվում էր սպորտով, հաճախում էր կարատեի պարապմունքների։
«Մի օր ժպիտը դեմքին եկավ ու ասաց. «Մա՛մ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը ամբողջ դպրոցից երկու հոգու է ընտրել վազքի մրցույթին մասնակցելու համար»»։
Հաջորդ օրը մրցույթից վերադարձել է մեդալը ձեռքին։ «Ամբողջ քաղաքում առաջին տեղը Հայկս էր գրավել»,- հպարտությամբ ասում է մայրը։
Զբաղվում էր նաեւ լողով ու ֆուտբոլով։ Հասմիկը հիշում է․ «Թղթե գնդակ էինք սարքել, իրենց տանը ֆուտբոլ էինք խաղում, հանկարծ դիպանք հեռուստացույցին, հազիվ բռնեցինք, ու երեքով՝ ես, Հայկը ու նրա հարազատ քույրը, վախից ծիծաղում էինք ու ուրախանում, որ հեռուստացույցը չընկավ․ այս դեպքից հետո գնդակով այլեւս տանը չէինք խաղում»։
Շատ աշխատասեր էր Հայկը, դասերից գալիս էր՝ հագուստն արդեն ճանապարհին փոխելով, որ շտապի հոր մոտ՝ օգնելու։
«Հոգատար էր հոր հանդեպ, միշտ ասում էր, որ հայրը աշխատում է, ինքն ինչպես տանը նստի։ Մի բրդուճ էր ուզում ու գնում նրա մոտ»,- պատմում է Լիանան։
Հորը օգնելու ձգտումը Հայկի մեջ նկատել են շատ վաղ հասակից։ «Երեք տարեկանում բակի դարպասը բացել էր, դուրս եկել եւ կորել։ Գլխապատառ նրան էինք փնտրում, գտանք ամուսնուս աշխատավայր տանող ճանապարհին, ասաց՝ «Մա՛մ, էնտեղ, պապայի գործի տեղ»։ Հոր հետ շատ մտերիմ էր»,- ասում է Լիանան։
Հայկը ոչ միայն հոգատար որդի էր, այլեւ հոգատար եղբայր։ Եթե քույրիկներն ինչ-որ բան էին ուզում, ամեն գնով նրանց ցանկությունը կատարում էր։ Մայրը հիշում է, թե ինչպես է նա հորդ անձրեւի ժամանակ մի քանի կանգառ հեռու գտնվող խանութ գնացել, որ փոքր քրոջ ուզածը գնի։
«Ասացի՝ երեխա է, չի հասկանում, չարժի այս անձրեւին դուրս գալ, պատասխանեց՝ «Չէ՛, մա՛մ , գնամ, Լիդուշս չիպս է ուզել, ո՞նց կարող եմ չգնալ»»,- հիշում է մայրը։
Հայկը սովորել էր Երեւանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի «Տրանսպորտային միջոցների շահագործում եւ նորոգում» բաժնում։ Թունյանների ընտանիքի տղամարդիկ բոլորը վարորդներ էին․ պապիկը, հայրը, հորեղբայրը, հորեղբոր որդին։ Հայկը եւս ընտրեց նույն ուղին։ Նրա մեջ էլ կար սեր դեպի ավտոմեքենաները, արագությունը եւ ճանապարհը։
Բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 8-ին, ծառայել էր «Մարտունի-2» զորամասում։
«Մեծ ոգեւորությամբ մեկնեց ծառայելու, որդուս այդքան ուրախ դեռ չէի տեսել, ասում էր՝ «Տղա եմ, բա պետք է գնամ, ծառայեմ»»,- հիշում է մայրը։
Երեք ամիս էր ծառայել, երբ սկսվեց պատերազմը։ Միայն երեք օր անց էր կարողացել առաջին անգամ կապ հաստատել ընտանիքի հետ․ շատ կարճ է խոսել ու ասել, որ ամեն ինչ նորմալ է, ինքն էլ լավ է։
«Դեռ մանկուց, որքան էլ ծանր դրության մեջ լիներ, չէր բողոքի, չէր տրտնջա։ Պատերազմի ժամանակ էլ միշտ ասում էր, որ չմտածենք, ինքը լավ է։ Չէր ուզում, որ անհանգստանանք»,- պատմում է մայրը։
Վերջին անգամ զանգել էր հոկտեմբերի 29-ին։ «Հետո երկու օր չզանգեց, անհանգստացա, սիրտս զգում էր, որ տղայիս հետ մի բան այն չէր»,- արցունքները հազիվ զսպելով՝ ասում է մայրը։
Նոյեմբերի 7-ին Հայկի զորամասում ծառայողներից մեկը վիրավորվել էր, տեղափոխել էին հոսպիտալ։ Հայկի հայրը գնացել էր նրան տեսնելու եւ որդուց հարցնելու։
Զանգից երկու օր անց՝ հոկտեմբերի 31-ին, Հայկը հրազենային մահացու վնասվածք էր ստացել։ Ռազմադաշտում նա տեսել էր, թե ինչպես էին կրակել հրամանատարին, մոտեցել էր, որ փրկի եւ իր մարմնով ծածկի վիրավոր ընկերոջը, բայց դիպուկահարը իրեն էր կրակել։
«Զինկոմիսարիատում հրաժեշտի ժամանակ գրկեցի նրան ու ասացի՝ հիշի՛ր, որ մեզ Թունյան հերոս պետք չէ, տուն կգաս, հետ կգաս»,- պատմում է Հասմիկը։ Հայկը նրան խոստացել էր անպայման վերադառնալ, բայց ցավո՜ք, խոստումը չկարողացավ պահել։