Մեր ժամանակներում «համագործակցել», «միասին գործել», «միավորվել» հասկացությունները շատ են օգտագործվում, քանի որ արտացոլում են ժամանակի պահանջը։ Հաճախ մեզ հուզող «ի՞նչ անել» հարցի պատասխանը մենք հենց այդտեղ էլ փնտրում ենք՝ միանանք, համախմբվենք, միասին որոշենք, անենք միասին:
Ամբողջ աշխարհում մարդիկ համագործակցում են հնարավոր բոլոր ոլորտներում՝ միջազգային հարաբերություններ, բիզնես, գիտություն, արվեստ, հոգեւոր առաջընթաց: Միասին ստեղծագործում են՝ գրում են գրքեր, նկարում նկարներ, անգամ երաժշտություն հորինում:
Համաշխարհային մասշտաբի համագործակցության ամենացայտուն օրինակները բիզնեսում են: Տեսե՛ք՝ մեր շրջապատում եղած գրեթե բոլոր իրերը համագործակցության արդյունք են՝ գրիչը, որով գրում եմ, աթոռը, որին նստած եմ, սեղանը, սուրճը, թեյը․․․ Ամեն ինչ հայտնվել է իմ շրջապատում տարբեր երկրների բազմաթիվ մարդկանց համակարգված աշխատանքի արդյունքում: Որպեսզի այս համակարգիչը հայտնվի իմ սեղանին, անհրաժեշտ է եղել տարբեր ժամանակների, տարբեր երկրների հազարավոր մարդկանց փոխլրացնող գործունեությունը:
Կարծես ակնհայտ է դառնում անտիկ դարերից հայտնի իմաստությունը՝ մարդը միայնակ ճանապարհ չունի անցնելու: Լայն իմաստով, խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է համագործակցություն: Ի հակադրություն միայնակ գործելու՝ երբ համագործակցում ենք, կարող են իրականացվել մեծամեծ գործեր։ Ժողովրդական ասացվածքն է ասում՝ «Գեղ կանգնի՝ գերան կկոտրի»։ Եվ հակառակը՝ մարդը միայնակ ի վիճակի չէ մեծ գործեր անելու: Ինչպես ասել է Մայր Թերեզան՝ «Մեզնից ոչ ոք, ներառյալ ես, երբեւէ մեծ բան չենք արել: Բայց մենք բոլորս կարող ենք փոքր բաներ անել մեծ սիրով, իսկ միավորվելով կարող ենք հրաշալի բաներ անել»:
Ամենուրեք համագործակցում են
Թռչունները երամի հետ կարողանում են անցնել հազարավոր կիլոմետրեր եւ հասնել ճիշտ այն տեղը, ուր ուղեւորվել էին։ Ընդ որում՝ յուրաքանչյուր թռչուն, լինելով խմբում, ողջ ճանապարհն անցնում է ինքնուրույն։ Սակայն անգամ ամենափորձառուն առանց երամի մոլորվում է եւ տեղ չի հասնում։ Որոշակի իմաստով կարող ենք ասել՝ երամը հավաքական «իմաստություն» եւ ուժ է տալիս բոլոր մասնակիցներին։
Այս ֆենոմենը նկատելի է ոչ միայն թռչունների երամի դեպքում, այլեւ ընդհանրապես ցանկացած տեսակի կենդանիների խմբերի համար։ Օրինակ՝ տերմիտների խումբը պալատներ է կառուցում զարմանալի ճարտարապետական լուծումներով։ Այսպես է նաեւ մարդկանց դեպքում։ Երբ մարդը հայտնվում է իր «երամում», անելիք գործը սկսում է ստացվել անհամեմատ թեթեւ եւ նպատակային։
Տեսեք, թե ինչ հրաշալիորեն են համագործակցում մեր մարմնի միլիոնավոր բջիջները եւ այնքան ներդաշնակ, որ անգամ չենք զգում նրանց առանձին-առանձին գոյությունը: Ներքին օրգանների համագործակցության արդյունքում ներդաշնակորեն գործում է մարմինը: Կյանքը շարունակելու գործում համագործակցում են քամին, մեղուները, ծաղիկները:
Մարդը մարդ է դառնում մարդկանց հետ հարաբերվելով:
Երբ համագործակցում ենք, մեր կարողությունները եւ ունակությունները միավորվում են։ Արդյունքում ստացվում է մի բան, որ մեզնից ոչ մեկն առանձին-առանձին չէր էլ պատկերացնում։
Համագործակցել ազատությամբ
Այստեղ կա մի կարեւոր հանգամանք։ Մեր ժամանակներում պետք է սովորենք համագործակցել ազատությունից։ Կոչերն ու հրամանները չէ, որ պետք է մղեն մեզ անելու մեր անելիքը։ Մեխանիկորեն համագործակցելն արդյունավետ չի կարող լինել, քանի որ այն դեմ է մեր բնությանը։ Մենք ազատության ենք կոչված, եւ մեր կոչումն է գործել ազատությամբ։
Երբ մեր միտքը, որքան էլ այն ճիշտ կամ օգտակար լինի, պարտադրում ենք ուրիշին եւ անգամ հասնում ինչ-որ հաջողությունների, միեւնույնն է, լավագույն արդյունքը չենք ունենա։ Ստրկատիրությունը վաղուց սպառել է իրեն։
Այսօր իրական արժեքներ կարող են ստեղծվել միայն ստեղծարար մոտեցումներով։ Իսկ ստեղծարարությունը ենթադրում է ազատություն։
Ինչպես մեր ձեռքերը չեն պարտադրում մեկը մյուսին, բայց հրաշալիորեն համագործակցում են ցանկացած գործի ժամանակ, այդպես էլ մենք պետք է սովորենք համագործակցել առանց մեր կամքը պարտադրելու դիմացինին։
Նման համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուրը հաղորդ է անելիքի իմաստին եւ գիտի, որ դա հենց իր կոչումն ու անելիքն է։
Հաղորդ լինել իմաստին
Ե՞րբ է հաջողվում տարբեր բեւեռներին ներդաշնակորեն համագործակցել։ Երբ երկու կողմերն էլ հաղորդ են լինում իմաստին։
«Իմաստին հաղորդ լինել» նշանակում է ընդհանրացված գծերով տեսնել ամբողջը, զգալ էությունը։ Եթե մեկը հաղորդ է իմաստին, նա ընդհանուր առմամբ տեսնում է երեւույթը բոլոր կողմերից՝ ներսից, դրսից․․․ Ու երբ նման մեկը ներկայացնում է իր տեսածն ու զգացածը, յուրաքանչյուր մասնակի տեսնող չի հակադրվում, քանի որ զգում է, որ նրա ասածն էությամբ չի հակասում իր իմացածին։ Իմաստի խորքերից հնչած խոսքը չի կարող հակասել որեւէ իրական տեսակետի, այն համահունչ է բոլորի հետ, ասես խոսում է բոլորի սրտից։
Երբ մարդը հաղորդ է լինում իմաստին եւ զգում է մեծատառ Անելիքը, առաջին քայլերից մեկը պետք է լինի գտնել այն մարդկանց խումբը, ում հետ նա կոչված է իրականացնելու Այն։ Մեր ժամանակների համար կարող ենք ասել՝ եթե կա Գործ, ուրեմն կա նաեւ Այն իրականացնելու կոչված ազատությամբ գործող մարդկանց խումբ։ Նրանք ծնվում են աստղաբույլերով՝ Մեծ Գործի իրենց բաժինն իրականացնելու կոչումով։
Համագործակցությունը հասանելի է
Որեւէ գործում համագործակցությունը սկսվում է մարդկանց փոքր խմբից։ Երբ «Գործի իմաստը» սկսում է խոսել նրանց հետ, յուրաքանչյուրն իր տեղում անում է անհրաժեշտն ամբողջացնելու համար Մեծ Գործի իր բաժինը։ Թեեւ ամեն մեկն իր տեղից եւ դիրքից ներկայացնում է իր տեսածը, բայց նրանց ասածներն ու արածները չեն հակասում, այլ փոխլրացնում են միմյանց։
Երբ գալիս է որեւէ իդեայի իրականանալու ժամանակը, հայտնվում է այն իրականացնելու կոչված խումբը։ Երբ հավաքվում են տվյալ գործի իմաստին հաղորդ չորս-հինգ նվիրյալներ, աշխարհն էլ հակադրվի, Գործն իրականանալու է։ Որեւէ ժողովրդի, որեւէ սոցիալական խմբի կամ կոլեկտիվի հաջողության գաղտնիքը հենց միասնական, համախմբված գործելու մեջ է։ Դրա համար պետք է հայտնվի առաջնորդների խումբ, որ գործում է՝ առաջնորդվելով իրավիճակի ընդհանրական, ամբողջական գիտակցումից, ոչ թե մասնակի ծրագրերից։
Մասնակի ծրագրերը պետք է ծնվեն ընդհանրականի գիտակցումից։ Մեր հնարավոր ապագան նման համագործակցության մեջ է, իսկ դրան հասնելու համար պետք է ջանանք տեսնել երեւույթներն առավել ամբողջական եւ հաղորդ լինենք դրանց Իմաստին։
Կարող ենք վստահաբար պնդել՝ առանց համագործակցության կյանքը կանգ կառնի: Կյանքի շարունակական լինելու համար համագործակցությունը պարտադիր է: Ավելին՝ կյանքը համագործակցություն է։ Լավագույն արդյունքներին հասնելու համար պետք է սովորենք համագործակցել ազատությամբ։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։