ՀՀ Սահմանադրական դատարանից հայտնել են, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հրավերով հունիսի 8-10-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
Հայաստանի Հանրապետություն կատարվող այցը լինելու է ոչ միայն Կլեր Բազի Մալորիի առաջին պաշտոնական արտասահմանյան այցերից մեկը, այլ նաեւ 2018-ից ի վեր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի առաջին պաշտոնական այցը Երեւան:
Վենետիկի հանձնաժողովի այժմյան նախագահ Կլեր Բազի Մալորին այդ պաշտոնին ընտրվել է 2021-ի դեկտեմբերին: Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացվում են Եվրոպայի խորհրդի գլխամասում (Ֆրանսիա, Ստրասբուրգ), կառույցի գլխավոր քարտուղարն է Սիմոնա Գրանատա-Մենղինին (Իտալիա):
Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմիններից է։ Հանձնաժողովը ստեղծվել է 1990-ին, երբ փլուզվեց Բեռլինի պատը, եւ եվրոպական մայրցամաքը բախվեց նոր իրավական մարտահրավերների:
Հանձնաժողովի ամբողջական եւ պաշտոնական անունն է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ կազմակերպության աշխատանքները կազմակերպվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում, եւ հիմնականում նրա բոլոր լիագումար նիստերն ու խորհրդաժողովները տեղի են ունենում հենց այստեղ, հանրության լայն շրջանակներին այն հայտնի է Վենետիկի հանձնաժողով անունով:
2022-ի դրությամբ հանձնաժողովի անդամ է 61 պետություն, որոնցից 46-ը Եվրոպայի խորհրդին անդամակցող անդամ պետություններն են: Հանձնաժողովը ժամանակի ընթացքում ընդլայնել է իր գործունեության շրջանակները՝ հանդես գալով ոչ թե որպես ներեվրոպական, այլ միջազգային կառույց։
Վենետիկի հանձնաժողովի աշխատանքներին եւ նստաշրջաններին մշտապես մասնակցում են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության Տարածաշրջանային կոմիտեն, ԵԱՀԿ-ն: