Երեկվա աղմկոտ իրադարձություններից հետո Վրաստանում Եւրոպական Միության դեսպանները հանդիպում են ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հետ եւ փորձում են հասկանալ կողմերի դիրքորոշումները:
«Նրանք հանդիպել են ընդդիմության հետ, հանդիպումներ կունենան նաեւ իշխանական պաշտոնյաների հետ եւ պետք է հասկանան, թե արդյոք կա բանակցությունները շարունակելու հնարավորություն։ Մենք նրանց հետ խոսում ենք մեր դիրքորոշման մասին, թե ինչպես կարող ենք դուրս գալ քաղաքական այս ճգնաժամից: Ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել, բացի նրանից, որ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո «Վրացական երազանքը» բանակցությունների տարածքը կրճատեց ու նեղացրեց», — այս մասին հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին:
Ընդդիմությունն ասում է, որ պատրաստ են բանակցել, եթե ազատ արձակեն Նիկա Մելիային եւ Գիորգի Ռուռուային, որոնք, ընդդիմադիրների կարծիքով՝ համարվում են քաղբանտարկյալներ: Նրանք խոսում են նաեւ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։