ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ բարեկեցության հաստատմանը:
Սպիտակ տնից հայտնել են, որ Սալիվանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպմանը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված կարեւոր ու պատմական դիվանագիտական ջանքերը:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը նշել է, որ Սալիվանն ԱՄՆ-ի անունից պատրաստակամություն է հայտնել սերտորեն ներգրավվելու եւ աջակցելու առաջընթացին տարբեր միջոցներով, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
ԱՄՆ նախագահի խորհրդականը նաեւ աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցություններին:
ԱՄՆ-ը ցանկանում է խթանել կարգավորման գործընթացը
Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել է նաեւ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ադրբեջանա-ամերիկյան բանակցությունների մեկնարկից ժամեր առաջ հայտնել է, թե պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը պարոն Հաջիեւին կփոխանցի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ուղղակի շփումներին ցուցաբերվող աջակցությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից։
«Աջակցությունը ներառում է ԱՄՆ-ի դերակատարությունը որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի եւ աջակցությունը Եվրամիության կողմից վերջին շրջանում գործադրվող ջանքերին, որոնց նպատակն է մերձեցնել կողմերի մոտեցումները»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է խթանել այս գործընթացը։ Վերջին օրերին եւ շաբաթներին պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել այս տեսակետին հաղորդակից դարձնելու երկու երկրների առաջնորդներին։