Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 24-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ բնակարանային եւ ներքին անվտանգային մի շարք հարցերի շուրջ։ Խոսելով տեղահանված բնակիչների խնդիրների մասին՝ երկրի ղեկավարն անդրադարձել է հատկապես մայրաքաղաքում գործող բնակվարձերի չափերին:
«Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլեւ հեռու են բարոյական նորմերից»,- ասել է Արցախի նախագահը եւ հավելել, որ կառավարությունը շտապ միջոցներ կկիրառի օրենքի սահմաններում վիճակը շտկելու ուղղությամբ, իսկ, անհրաժեշտության դեպքում, անբարեխիղճ վարձատուներին կզրկի պետական աջակցության ծրագրերից։
Անդրադարձ է եղել նաեւ ապօրինի զինամթերքի հավաքմանը, ճանապարհային երթեւեկության կանոնների խստացմանն ու երկրում օրինականության ապահովմանն ուղղված հարցերի: Նախագահը խստորեն հանձնարարել է լիազոր մարմիններին ապահովել օրենքի գերակայությունը, ներքին կարգուկանոնը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելիչ միջոցառումներին եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությանը: