Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին պետք է կրկին վերադարձնել թանգարանի կարգավիճակը: Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում ասել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:
«Բոլոր պետությունները, անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, պարտավոր են զերծ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխություններից»,- ասել է Դենդիասը:
Ըստ հույն դիվանագետի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը հակասում է մշակութային ժառանգության ցանկացած ընկալմանը: «Մենք, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններ ու կառույցներ, պահանջում ենք վերադարձնել այս հուշարձանին իր նախկին կարգավիճակը»:
Սուրբ Սոֆիան շուրջ հազար տարի քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարն էր համարվում: 1934 թվականին Թուրքիայի նախագահ Քեմալ Աթաթուրքը տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակ: Այն ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սակայն 2020 թվականի հուլիսին Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին համարել 1934 թվականի որոշումը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանագիր տաճարը մզկիթի վերածելու մասին, ինչից հետո հուլիսի 24-ին Այա Սոֆիայում եղել էր առաջին նամազը: