Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչնչացրել է Նիկոլաեւ քաղաքում ուկրաինական հացահատիկի երկրորդ խոշորագույն տերմինալը։
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւս Ռուսաստանին մեղադրել է աշխարհին պարենային շանտաժի ենթարկելու համար։ Նա նշել է, որ Մոսկվան ռմբակոծում է ուկրաինական ամբարները, չի թողնում ցանք կատարել եւ փորձում է որպես զենք օգտագործել զարգացող երկրներում պատերազմի պատճառով հասունացող պարենային ճգնաժամը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վլադիմիր Պուտինին կոչ են արել վերացնելու Օդեսայի շրջափակումը՝ նավահանգիստներից ուկրաինական հացահատիկ արտահանելու համար։
Ռուսաստանը դա հնարավոր է համարել միայն պատժամիջոցների վերացման դեպքում։
Ավելի վաղ ՌԴ-ն էր հայտարարել Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից հացահատիկի պահուստների հրկիզման մասին։
Հացահատիկ՝ պարենային աղետից խուսափելու համար
Իտալիայի արտգործնախարար Լուիջի դի Մայոն էլ կոչ է արել Ուկրաինայից հնարավորինս արագ հացահատիկ արտահանելու Աֆրիկա՝ այնտեղ նոր պատերազմներ եւ պետական հեղաշրջումներ թույլ չտալու համար:
Իտալիայի ԱԳ նախարարը նշել է, որ իրադրությունն Աֆրիկայում կարող է կտրուկ վատթարանալ համաշխարհային պարենային ճգնաժամի պատճառով․ նոր պատերազմներ, նոր պետական հեղաշրջումներ, ահաբեկչության նոր դրսեւորումներ եւ հսկայական միգրացիոն հոսք Աֆրիկայից Եվրոպա: