Հեռավոր 2007-ին «Ժամանակ Երեւան» թերթում՝ «Մեր օրերի հերոսը» վերնագրով մի հրապարակում էի արել։ Արխիվում փնտրեցի` չգտա։ Պարզվում է՝ «Ժամանակ Երեւանի» արխիվը չի պահպանվել։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որ այն ժամանակ «Ժամանակ Երեւանի»՝ այսօր «Առաջին լրատվական» կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի խմբագիրն է՝ երեւի չի գնահատում արխիվի կարեւորությունը։ Այնինչ արխիվը, ինչպես կենսագրությունը, եթե, իհարկե, արժեւորում ես անցածդ ճանապարհը, գուրգուրանքի է արժանի։ Թույլ չենք տալիս, չէ՞, որ մեր կենսագրությունը նենգափոխեն կամ ջնջեն։ Նույնն էլ մամուլի միջոցի դեպքում է։
Ինչեւէ․․․
Այդ հրապարակման մեջ նկարագրել էի մեր այն օրերի հերոսին։ Այդ հերոսը երկար կյանք ունեցավ՝ ապրեց մինչեւ 2018-ի մայիս։
Սկզբում՝ մինչեւ 1990-ը, երբ դեռ սովետները կային՝ նա նվիրված կոմերիտական էր (տարեց ընթերցողները թող երիտասարդներին բացատրեն այս բառի իմաստը)։ Նրա երազանքի գագաթնակետը նույն այդ կոմերտմիության շրջանային կառույցներից մեկում հարմարավետ տեղավորվելն ու անհոգս ապրելն էր։ Վստահ էր՝ հավերժ է խորհրդային երկիրը եւ ապահով իր ապագան։ Բայց տեղի ունեցավ անպատկերացնելին՝ փլուզվեց Խորհրդային միությունն՝ իր հետ տանելով նրա բոլոր երազանքները։ Պետք էր հարմարվել նոր իրողություններին։ Ի դեպ, հարմարվելը նրա գլխավոր հատկանիշն էր։ Եւ մեր հերոսը թունդ ՀՀՇ-ական է դառնում։
1991-94 թվականների պատերազմին չէր մասնակցում։ Կյանքը վտանգի ենթարկելու որեւէ ցանկություն չուներ։ Թաքնվում էր գյուղում ապրող մորաքրոջ տանը։ Ժամանակ առ ժամանակ՝ զինվորական շորեր հագած հայտնվում էր Երեւանում՝ տպավորություն ստեղծելով, թե հենց նոր մարտադաշտից է գալիս։ Կռիվներից առասպելներ էր պատմում։ Օրվա իշխանությունները, որպես յուրայինի ու պատերազմի մասնակցի նրան շուկաներից մեկի տնօրեն են նշանակում։ Այսուհետ նա հարուստ է։ Սա արդեն սովետական տարիների երազանքից շատ ավելին էր։
Բայց 1990-ականների վերջերից հաջողությունների մասին նրա պատկերացումները, երբ արդեն Հանրապետական կուսակցությունն էր իշխանության, որին անդամագրվելու պատճառը, ինչպես ինքն էր սիրում կրկնել, ի ծնե նժդեհական ու տարոնական լինելն էր, էլ ավելի ընդլայնվեցին։ Նա հայտնվեց ամենավերին իշխանավորների շրջապատում։ Դարձավ 2000-ականների իշխանությունների հենասյուներից եւ երկրի ամենահարուստ անձանցից մեկը։
Մեր հերոսը հավաքական կերպար է։ Նրա նման հենասյուներ շատ կային։ Նա ոմանցից վատն էր, ոմանցից՝ լավը, բայց բոլորը միասին մի կարեւոր գործ էին անում՝ ապահովում էին իշխանության հարատեւությունը։ «Ընտրություններ» կոչվող միջոցառումն էին կազմակերպում։ Ընտրակաշառք էին բաժանում։ Սափրագլուխների բանդաներ էին կազմակերպում ու, երբ հանձնարարվում էր, հալածում էին թիրախավորված ընդդիմադիրներին։ Ունեին անսահմանափակ իրավունքներ ու հնարավորություններ ու միայն մեկ հեղինակություն՝ շեֆը։
Բայց եկավ 2018-ը։ 2018-ի ապրիլ-մայիսյան ալիքը՝ քշեց ու տարավ նրա իրականությունը։ Նա հիմա էլ կա՝ իր ունեցվածքով ու իր հարստությամբ հանդերձ, բայց արդեն այլ կերպար է՝ ժամանակի խորհրդանիշ նրան չես անվանի։ Ալիքը նրան դուրս է նետել մեր ընթացքից։ Ապրում է իր շքեղության մեջ, զմայլվում՝ իր հարստությամբ, բայց մեր կյանքին մասնակից չէ։ Մենք ջնջել ենք նրան։ Ասենք՝ նա չի էլ ցանկանում, որ հիշեն իրեն ու հանկարծ՝ աստված չանի, սկսեն հաշիվ պահանջել։
2018-ը նոր հերոս բերեց։ Ի տարբերություն մեր նախկին հերոսի՝ սա կրթված էր։ Կրթությունն էլ եվրոպաներում-ամերիկաներում էր ստացել։ Լեզուների էր տիրապետում, ուներ ուսապարկ, բայց կյանքի փորձ ու նշանակալի հմտություններ չուներ։ Ասում էր, թե իրեն ոչինչ պետք չէ, սիրում է մեզ ու մեզ է ցանկանում ծառայել։ Եկել է, ինչպես վիետնամական հայտնի հեքիաթի հերոսը, որ սպանի հրեշին ու փրկի բոլորիս։ Հերոսները, ըստ այդ հեքիաթի, հրեշին սպանելուց հետո, եթե չեն դիմանում իշխանության գայթակղություններին՝ իրենք են հրեշ դառնում եւ շարունակում են կառավարել՝ ասես ոչինչ չի փոխվել։
Վստահեցնում էր մեր նոր հերոսը՝ կսպանի հրեշին ու չի գայթակղվի։ Ինքը մեր իմացած հերոսներից չէ։ Ուրիշ է։ Ոչ մի պարագայում հրեշ չի չդառնա։ Եւ մենք՝ հրեշից ազատվելու երազանքով տարված վստահեցինք նրան ու օգնեցինք։ Իսկ նա շատ ավելի արագ տրվեց իշխանական վայելքներին, քան կարելի էր պատկերացնել։
Խաբեբա ու ստախոս դուրս եկավ մեր այս հերոսը։ Անգամ պնդողներ կան, թե ուսապարկն ուսին անփորձ երիտասարդի կերպով հայտնվածն ինքը հրեշն է եղել, որին ճանաչել չենք կարողացել։ Նա է այսօր տնօրինում մեր օրը, փորձում է իր պատկերացումներով կերտել մեր ապագան, համոզել մեզ, թե հրեշն սպանված է եւ սխալմամբ ենք մենք նրան որպես հրեշ ընկալում, բայց մոլորեցնել մեզ արդեն չի կարող։ Մենք ճանաչում ու մերժում ենք նրան։ Նոր հերոսին ենք սպասում, որ պետք է գա ու սպանի հրեշին ու, անպայման, հրեշ չդառնա։
Կա արդեն այդ հերոսը։ Մեր այս տխուր օրվա հերոսն ավելի քան հերոսական է։ Նա՝ ի տարբերություն նախկին երկու հերոսների՝ ոչ մի դեպքում խաբեբա ու շահախնդիր լինել չի կարող։ Մեր օրերի հերոսն այսօր մեր փողոցով քայլող մեր մարդն է։ Գլխահակ՝ նվաստացման ու պարտության ծանրության տակ կքած, խաբված ու վիրավորված, որդեկորույս մարդը, որ հույս ունի, որ հավատում է իր վաղվա օրվան, որ չի ընկճվում, որ գիտի՝ իր ուսերին է ողջ բեռը ծանրացած ու պետք է տանի՝ հանուն իր ապրած դարերի, հանուն իր երեխաների ապագայի։
Ու կտանի հպարտորեն ու կմերժի իր հպարտ բարձունքից բոլոր հին ու նոր սուտ հերոսներին, նոր ու իսկական հերոսներ կպեղի իր միջից եւ՝ ինչպես մինչեւ այսօր է քայլել՝ այդպես էլ կքայլի՝ թիկունքում ունենալով անհաջողությունների ու պարտությունների ծանր բեռը, իսկ աչքի առաջ՝ հույսը, որ վաղվա օրը ավելի հաջող ու ավելի գեղեցիկ է լինելու։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։