Այսօր՝ հունիսի 8-ին, Երեւանում սկսվում է հայ-վրացական պոեզիայի «Այրվող բանաստեղծ» եռալեզու գրական օրերը։ Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի եւ Վրաստանի PEN ակումբները։ Սա երկու երկրների բանաստեղծներին ծանոթացնելու եւ մերձեցնելու առաջին փորձը չէ, սակայն տարբերվում է հեղինակների ընտրությամբ։ Ե՛վ Հայաստանից, ե՛ւ Վրաստանից գռական օրերին մասնակցում են բանաստեղծներ, որոնք հիմնականում գրել եւ հրատարակվել են անկախության շրջանում։
«Այրվող բանաստեղծ»-ը, կարելի է ասել, նաեւ թարգմանության տոն է։ Երեւանում կայանալիք միջոցառման առիթով վերանայվել են նախկինում արված եւ հրապարակված թարգմանությունները, թարգմանվել են նոր հեղինակների նոր գործեր։ Դրանցից ընտրված բանաստեղծություններ կընթերցվեն «Այրվող բանաստեղծ» գալա-հավաքի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 9-ին Քաֆեսջյան թանգարանի դահլիճում։
Գալա-հավաքը կդառնա լեզուների եւ բանաստեղծական մտքի փոխանակման հարթակ։ Նախապես ընտրված հայ եւ վրացի զույգ հեղինակներ կկարդան միմյանց գործերը։
Հայաստանից եռալեզու գրական օրերի կազմակերպիչներն են հայկական PEN-ի նախագահ, արձակագիր Արմեն Հայաստանցին (Օհանյան), վրացագետ, թարգմանիչ Ասյա Դարբինյանը, Վրաստանից՝ վրացական PEN-ի նախագահ, բանաստեղծ Պաատա Շամուգիան։ Միացյալ Նահանգներից նախաձեռնությանը միացել է PEN AMERICA-ի ղեկավար Պոլինա Սադովսկայան։
Կազմակերպիչները հույս ունեն, որ երկու երկրների հեղինակներին մերձեցնող այս միջոցառումը վերջինը չի լինի, գրական այլ ժանրերով եւ կազմակերպչական ուրիշ ձեւաչափերով շարունակություն կունենա։
«Ալիք Մեդիան» առաջիկա օրերին առավել մանրամասն կլուսաբանի գրական օրերը։