Երբ բժիշկ Արմեն Գրեգորյանը հոկտեմբերի 23-ին Լոս Անջելեսից ժամանեց Երեւան, Արցախյան պատերազմն արդեն 27 օր ընթանում էր: Մայրաքաղաքը ողողված էր հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարներով, ինչը մեծ տպավորություն թողեց բժշկի վրա:
«Տեսա՝ ժողովուրդը հավատում էր, որ հաղթելու են: Ես ինքս էլ վախ չեմ տեսել այնտեղ: Հետո, երբ իմացա, թե ինչով է ավարտվել պատերազմը, երբ ասում էին, որ հնարավոր չէր հաղթել, չեմ կարողանում հասկանալ, ընդունել դա: Ես ներսում տեսել եմ ուրիշ տրամադրություն»,- այսօր՝ արդեն երեք ամիս անց, բժիշկը համաձայնեց խոսել իր երկշաբաթյա աշխատանքի ու տպավորությունների մասին:
Ժամանակ առ ժամանակ զրույցի ընթացքում նրա հույզերը տեղի էին տալիս. ձայնը երբեմն բարձրանում էր բարկությունից, երբեմն էլ տխրում էր։ Իսկ երբ ապագա ծրագրերի մասին էր խոսում, լցվում էր հույսով:
Բժիշկ Գրեգորյանը վստահ է, որ պատերազմից հետո բոլոր բուժաշխատողներն էլ հետտրավմատիկ սթրեսային խանգարման նշաններ են ունենում: Հարցիս, թե ինչպես է շարունակում ապրել պատերազմի սարսափներին ականատես լինելուց հետո, նրա պատասխանը հստակ էր.
«Երկու տարբերակ ունենք. առաջինը՝ բողոքել կառավարությունից, մեղադրել բոլորին, բարկանալ եւ դադարել հայ լինելուց, ապրել ամերիկացու անհոգ կյանքով: Երկրորդը՝ պետք է հասկանանք, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք, պետք է ոտքի ելնենք ու զարգանանք: Ես այստեղից իմ գործն եմ դարձրել երկրորդ տարբերակը եւ գիտեմ, որ ընկերներիցս շատերն ինձ հետ համաձայն են»:
Արմեն Գրեգորյանն առաջին անգամ Հայաստանում եղել է դեռ ուսանելու տարիներին, աշխատել է թիվ 3 հիվանդանոցում: Այնուհետեւ արդեն որպես բժիշկ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Գլենդեյլ ադվենտիստ բժշկական կենտրոնի միջոցով Արցախի բժիշկներին օգնել է հմտանալու լապարոսկոպիկ վիրահատության մեջ: Ծրագիրը գործել է երեք տարի անընդմեջ: Չորրորդ այցելությունը Արցախ խափանվեց Քովիդի համավարակի հետեւանքով: Այնուհետեւ սկսվեց պատերազմը, որտեղ առաջնագծում՝ Մարտունիում, նրա մտերիմ ընկերն էր՝ բժիշկ Վարդգես Հովսեփյանը, որը նախորդ այցելություններից արդեն հարազատ էր դարձել նրան:
«Ես այլեւս չէի կարողանում այստեղ ապրել. ամբողջ ժամանակ միայն ընկերոջս ու Հայաստանի, Արցախի մասին էի մտածում: Աշխատավայրում տեղեկացրի, որ պետք է գնամ օգնեմ, մեծ փորձ ունեմ վիրաբուժության ոլորտում, եւ բժիշկ Արմեն Աբուլյանի օգնությամբ գնացի»,- պատմում է բժիշկը:
Հայաստան հասնելուն պես առողջապահության նախարարությունը նրան ուղարկել է Գորիսի բժշկական կենտրոն: «Անկեղծ ասած՝ մի փոքր վախենում էի, քանի որ երբեք պատերազմի մեջ չեմ եղել, չգիտեի, թե ինչ է ինձ սպասում, ուր էի գնում: Բայց երբ արդեն վերադառնում էի ԱՄՆ, ոգիս շատ ուժեղ էր. այն մարդիկ, որոնց հետ ես աշխատել էի, մեր զինվորները ինձ ուժ ու վստահություն էին ներշնչել»,- հիշում է բժիշկը:
Գորիսի բժշկական կենտրոնը ծառայում էր որպես անցումային կետ, որտեղ Արցախից տեղափոխվում էին այն վիրավորները, որոնք հիմնականում արդեն առաջին օգնությունը ստացել էին, կատարվում էր վիճակի գնահատում, համապատասխան վիրաբուժական միջամտություն, ու այնտեղից տեղափոխում էին Երեւան: Աշխատում էին երկու խմբով, ութժամյա հերթափոխով: «Դժբախտաբար, վիրավորների 40 տոկոսը գլխուղեղային եւ վերջույթային վնասվածքներ ուներ, քանի որ որովայնը եւ կրծքավանդակը [զրահաբաճկոնով] պաշտպանված էին: Վնասվածքները բեկորային էին, ինչը նշանակում է, որ մարմնի տարբեր մասեր կարող էին վնասված լինել միաժամանակ»:
Այն զինվորները, որոնք գիտակցությունը չէին կորցրել, պատմում էին, թե ինչպես են փրկել իրենց հրամանատարին, ընկերոջը, եւ վախի մասին չէին խոսում,- հիշում է Գրեգորյանը: «Առյուծ տղաներ էին, ընդամենը 18-20 տարեկան: Իրենք գնացել էին ոչ թե պարտվելու, այլ հաղթելու: Մեզ բոլորիս հենց այդ զգացումն էին փոխանցում»:
Բժշկի կարծիքով լավ մասնագետներ շատ ունենք, բայց չունենք բժշկական անհրաժեշտ սարքավորումներ, ինչը շատ զգալի էր պատերազմի ժամանակ. «Օրինակ, երբ պետք էին բժշկական կարիչներ՝ կտրվածքը փակելու համար, որ երկու րոպեում կարելի էր անել, վերջացնել, չկար: Ձեռքով կարելու համար առնվազն 15 րոպե է հարկավոր»։
Բժիշկն իր հետ բազմաթիվ սարքավորումներ է տարել: Մի մասն էլ գնալուց առաջ է ուղարկել, բայց այդպես էլ տեղում իրեն չի հասել: «Խնդիրը կազմակերպական էր: Երբ Երեւանում էի, Շառլ Ազնավուրի թանգարանի մոտ տեսա, որ ներսում բավականին շատ օգնություն կա Սփյուռքից ուղարկված: Մտա ներս ու նկատեցի կոլոռեկտալ քաղցկեղի վիրահատման սարք, որն ուղղակի ընկած էր հագուստների, կոշիկների ու գրքերի հետ: Վստահ եմ, այդ երեխաները չգիտեին էլ, թե ուր էր պետք դա ուղարկել»,- ասում է Արմեն Գրեգորյանը:
Նա վստահ է, որ Հայաստանում պետք է ստեղծել եւ ավելացնել առաջընթացի հնարավորություններ: Պատերազմի ավարտից հետո էլ անելիք շատ կա. վիրավոր զինվորները դեռ տարբեր հետվիրահատական բուժումների եւ նոր վիրահատությունների կարիք ունեն, որոնցով էլ նա ծրագրում է զբաղվել այս տարի աշնանը՝ Հայաստան վերադառնալով: «Եթե Հայաստանի ու Արցախի իմ գործընկերներն այստեղ [ԱՄՆ-ում] նույն հնարավորություններն ունենային, ինձնից էլ լավ մասնագետներ կլինեին: Ես ամեն ինչ պետք է անեմ, որ նրանք կարողանան զարգանալ եւ այդպիսով Հայաստանի առողջապահական ոլորտը զարգացնել»:
Բժշկի համոզմամբ պետական բյուջեով բավականաչափ գումար չի հատկացվում երկրում կանխարգելիչ բժշկության զարգացման համար: Գրեգորյանը վստահ է, որ Հայաստանում եւ Արցախում ներուժը մեծ է, բայց հնարավորություն չկա. «Երբ կա սեր մասնագիտության հանդեպ, աճելու ու սովորելու ցանկություն, բայց հնարավորություն չկա, բժիշկները ստիպված կլինեն արտագաղթել. ցավոք դա մշտապես կրկնվող պատմություն է»։
Այսօր նույնպես բժիշկն իր գործընկերների հետ տարբեր սարքավորումներ ու բժշկական պարագաներ է ուղարկում Հայաստան եւ Արցախ: Դրանց պակասը պատերազմի ընթացքում ճակատագրական է եղել. «Եթե վերջույթներն անդամահատված չէին, այլ ուղղակի կապված (որովհետեւ մարտի դաշտում առաջնայինը կյանքը փրկելն է), մի քանի օր հետո արդեն վերքը շատ բորբոքված էր լինում, եւ հնարավոր չէր լինում պահպանել վերջույթը»:
Ամենամեծ ձեռքբերումը Արմեն Գրեգորյանը համարում է մտերմությունը աշխարհի տարբեր երկրներից հավաքված բժիշկների միջեւ, որը շարունակվում է մինչեւ այսօր: Նպատակը մեկն է՝ ամեն կերպ նպաստել Հայաստանում առողջապահության զարգացմանը: Գրեգորյանն արդեն իսկ փորձում է օգնել վիրաբույժներից մեկին՝ վերապատրաստվելու ԱՄՆ-ում եւ ձեռք բերած փորձը կիրառելու Հայաստանում: