ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, որ Եվրոպական միությունը չափազանց կարեւորում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: Նա հավելել է, որ ԵՄ-ն մշտապես օժանդակել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, ինչի նպատակով երկարաժամկետ ու կարճաժամկետ աջակցություն ենք տրամադրել:
ԵՄ դեսպանն ընդգծել է, որ անկախ դատական համակարգը ժողովրդավարական երկրում երաշխավորն է մարդկանց իրավունքների եւ ազատությունների, ուստի Սահմանադրական դատարանը կարեւոր դերակատարում ունի ամրապնդելու հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
Անդրեա Վիկտորինը հավելել է, որ բազմաթիվ մարտահրավերների առջեւ կանգնած Հայաստանում մեծ լարվածություն կա, եւ շատ կարեւոր է, որ բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: ԵՄ դեսպանը հավաստիացրել է, որ Եվրոպական միությունն ուշիուշով հետեւում է ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակին եւ բողոքի ցույցերին:
«Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝ նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարեւոր է, որ մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը, իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից»,- շեշտել է Վիկտորինը:
ԵՄ դեսպանը կարեւորում է, որ Հայաստանում բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից: Նա համոզմունք է հայտնել, որ պետք է դատապարտվի ցանկացած բռնություն:
«Այս իրավիճակում, կարծում եմ, ավելի քան կարեւոր է խրախուսել վստահությունը մեր Սահմանադրական դատարանի եւ դատական համակարգի նկատմամբ»,- եզրափակել է ՀՀ-ում Եվրամիության դեսպանը: