Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է դեմ առ դեմ բանակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զելենսկին մտադիր է նման բանակցություններ վարել միայն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ, ըստ նրա, Ռուսաստանում չկա մեկը, ում հետ կցանկանա զրուցել:
Զելենսկին նաեւ խոստովանել է, որ Մոսկվան գերազանցում է Կիեւին ռազմական տեխնիկայով, եւ նորից օգնություն է խնդրել Արեւմուտքից։ Ըստ Զելենսկու՝ փետրվարի 24-ից հետո կորցրած տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելն Ուկրաինայի համար կլինի խոշոր ժամանակավոր հաղթանակ, մինչդեռ վերջնական նպատակը երկրի ամբողջ տարածքում ինքնիշխանություն հաստատելն է։
Ուկրաինայի ղեկավարը մեկ անգամ եւս հաստատել է այն դիրքորոշումը, որ հաղթանակի պետք է հասնել մարտի դաշտում, սակայն ինքը բաց է Ռուսաստանի հետ բանակցությունների համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի խոսքերը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին եւ ընդհանրապես Զելենսկու հայտարարությունները, նշել է, որ «դրանք հստակ ինչ-որ մեկի գրած տեքստեր են, ինչ-որ մեկի կազմած ծրագիր»: Զախարովան հավելել է, որ Կիեւից հնչող ցանկացած խոսք ստուգման կարիք ունի: