Ռումինիայի կառավարությանն առընթեր Մոլդովայի հետ կապերի դեպարտամենտի պետքարտուղար Ադրիան Դյուպուն ասել է, որ Պրուտ գետի ձախ ափի գրեթե մեկ միլիոն մոլդովացի ստացել է Ռումինիայի քաղաքացիություն:
«Նրանք ռումինացի են, եւ դա ապացուցում են փաստաթղթերով։ Եվս 100 հազար դիմում ներկայում քննարկվում է Քաղաքացիության ազգային գրասենյակում»,- հավելել է պաշտոնյան։
Ռումինիայի խորհրդարանը Մոլդովայի բնակիչներին քաղաքացիություն տրամադրելու կարգը պարզեցնող օրենք էր ընդունել դեռեւս 2009-ին։ Ռումինական անձնագիր ստանալու համար Պրուտի ձախ ափին ապրողները ռումիներենի իմացության համար պարտադիր հարցազրույց անցնելու կարիք չունեն: Ռումինիայի օրենքը թույլ է տալիս նաեւ պահպանել Մոլդովայի եւ երրորդ երկրների քաղաքացիությունը:
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնն էլ հայտարարել է, որ նախագահ Սանդուն արտաքին ուժերի հետ հանրապետությունում ապակայունացում է հրահրում՝ Ռումինիային Մոլդովայի ռազմական եւ քաղաքական միացումը եւ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումն արդարացնելու նպատակով:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ երկու երկրների միավորման գաղափարը Մոլդովայում միանշանակ չի ընդունվում։ Ըստ Intellect Group-ի հարցման, որը հրապարակվել է ապրիլին, Մոլդովայի քաղաքացիների 59,9%-ը երազում է հանրապետությունը տեսնել ապագայում անկախ եւ չեզոք, 22,6%-ը ցանկանում է, որ Մոլդովան անդամակցեր ԵՄ-ին, 10%-ը՝ ԵԱՏՄ-ին, մինչդեռ Ռումինիայի հետ միավորմանը կողմ է արտահայտվել հարցման ենթարկվածների ընդամենը 3,3%-ը: