Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-17-ը կժամանի Հայաստան։ ՀՀ կառավարության պաշտոնական կայքը երեւանյան այցի օրակարգը դեռ չի ներկայացրել։
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը 2021-ին հաղորդագրություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող սահմանային միջադեպերի վերաբերյալ։ Բուրիչը հիշեցրել էր, որ ավելի քան 20 տարի առաջ ԵԽ–ին անդամակցելու ժամանակ Հայաստանը եւ Ադրբեջանը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն են ստանձնել։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 44-օրյա պատերազմից 1 տարի անց վերահաստատել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԵԽ լիարժեք աջակցությունը` հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհ գտնելու հարցում։
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ապրիլի 4-5-ն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու։ Այցի ընթացքում քննարկվել էր Բաքվի եւ Երեւանի միջեւ իրավիճակը։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։