Իսրայելն ու Եգիպտոսը փետրվարի 21-ին պայմանավորվել են Միջերկրակածովյան առափնյա՝ բնական գազը հեղուկ գազի վերածող եգիպտական գործարաններն ու իսրայելական «Լեւիաֆան» հանքավայրն իրար կապող գազամուղի կառուցման շուրջ:
Նախագծի նպատակը եվրոպական շուկա հասցվող գազի ծավալի մեծացումն է: Դրա իրագործումը կհանգեցնի Եվրամիության երկրներ հասցվող հեղուկացված գազի ծավալների աճին, մի բան, որ չի բխում ռուսաստանյան «Գազպրոմ» եւ «Նովատէկ» ընկերությունների շահերից:
Մյուս կողմից նախագիծը կուժեղացնի Եվրոպայի հարավում «Գազպրոմ»-ի հավանական մրցակից EastMed-ի՝ իսրայելական «Լեւիաֆան» եւ «Թամար», ինչպես նաեւ Կիպրոսի «Աֆրոդիտե» հանքավայրերից Կիպրոս, Հունաստան եւ Իտալիա հասնող ստորջրյա գազամուղի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ կասկածները:
ԵՄ-ն մտադիր է մինչեւ 2021-ի վերջ կամ 2022-ի ընթացքում վերջնական որոշում ընդունել Հարավային գազային միջանցքի այս նոր ուղղության շինարարության բազմամիլիարդանոց ֆինանասական աջակցության առնչությամբ, որի շնորհիվ Եվրոպայում կկարողանան գազ ստանալ՝ շրջանցելով Ռուսաստանին:
EastMed-ի շինարարությունն ավելի կթուլացներ «Գազպրոմ»-ի դիրքերը հունական, բուլղարական եւ իտալական շուկաներում, որտեղ մրցակցությունն առանց դրա էլ ուժեղացել էր 2021-ից՝ Տրանսադրիատիկ գազամուղով ադրբեջանական գազի մատակարարման մեկնարկից ի վեր: