ՀՀ կառավարության հունիսի 9-ի նիստում որոշվել է, որ Օրբելի 23 հասցեի 9 հազար 905 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունները եւ դրանց զբաղեցրած 3 հեկտարից ավելի հողամասերը կօտարվեն մրցույթով:
Կառավարության նախագծում նշված է, թե հաշվի առնելով, որ այժմ միայն «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է գործունեություն իրականացնում նշված հասցեում, նախագծով սահմանվել է, որ գույքի օտարման դեպքում վերջինս եւս 6 ամիս կզբաղեցնի այդ տարածքը, ինչը հնարավորություն կստեղծի կազմակերպությանը ապահովել նոր տարածքով։
Գույքը երկրորդ անգամ է մրցույթով օտարման ներկայացվում։ ՀՀ կառավարությունը առաջին անգամ շենքը մրցույթով օտարման է ներկայացրել 2020-ի հուլիսի 30-ի որոշմամբ` գնահատված արժեքի 100 %-ի չափով, սակայն մրցույթը չէր կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 80 %-ի չափով՝ 6 միլիարդ 613 միլիոն 652 հազար 800 դրամ։
Ըստ նախագծի` գնորդները կարող են գույքի գումարը վճարել միանվագ, ինչպես նաեւ 5 տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կստեղծի գույքի օտարմանը ներգրավել ավելի լայն մասնակիցների շրջանակ։
Օտարման առաջարկվող գույքն ամրացված է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Գույքը՝ նախկին զինվորական հիվանդանոցի շենքը՝ օգտագործման եւ սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով, Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013-ին։
Կառավարությունը դեռեւս 2020-ին էր հայտնել, որ տարածքն օտարվում է, եւ նախատեսվում է հյուրանոցային համալիր կառուցել։