ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի փոփոխություններին։
Ըստ փոփոխությունների՝ վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը 2 տարի 3 ամիս մարման ժամկետով։
Գյուղատնտեսական այլ հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը 1 տարի 3 ամիս մարման ժամկետով։
Յուրաքանչյուր շահառուին եւ նրա հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021-ին տրամադրված եւ 2022-ին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 միլիարդ դրամը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ այս տարի հունիսի 7-ի դրությամբ մթերումների կանխատեսվող ծավալները հասնում են 149 հազար 300 տոննայի` անցած տարվա 80 հազար տոննայի համեմատ։
Նախարարը նշել է, որ 2021-ին նոր գործիք էր մտցվել, որով պետությունը մասնակիորեն երաշխավորում էր մթերման համար տրվող վարկերը, որպեսզի գյուղմթերք մթերող կազմակերպությունները կարողանան մթերել իրենց անհրաժեշտ չափով, ոչ թե գրավի չափով։
Անցած տարի խաղող եւ պտուղ-բանջարեղեն մթերող 9 կազմակերպության տրամադրվել է 5 միլիարդ 4 միլիոն բյուջետային երաշխիք։