Ընդդիմության ցույցերի ընթացքին հետեւող մարդիկ հավանաբար հիշում են, որ 2022 թվականի մայիսի 2-ին Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ագրեսիվ պահվածք էր դրսեւորել «Mediahub.am» լրատվական կայքի թղթակից Նարե Գնունու նկատմամբ՝ հարվածելով նրա ձեռքի բարձրախոսին, ապա ոտքով խփել էր նույն կայքի օպերատոր Արման Ղարաջյանին ու վնասել տեսախցիկը։ Առեւերույթ հակաօրինական արարքի վերաբերյալ անգամ նյութեր էին նախապատրաստվում՝ հետագայում քրեական գործ հարուցելու համար։
Եվ ահա մի շարք լրատվամիջոցներ օրերս պարզաբանում են ստացել ՀՀ քննչական կոմիտեից, որում ասվում է՝ «Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով մերժելու մասին»:
Ով էլ կասկածեր։
Մեզ շատ զավեշտալի թվաց քննչական կոմիտեի մեկնաբանությունը։ Կներեք, եթե մի քիչ մեծ մեջբերում անեմ.
« … Միջադեպը սկսվել է այն պահից, երբ Ս .Հովհաննիսյանը բջջային հեռախոսազրույց ունենալու ընթացքում պահանջել է խոսափողը հեռացնել իրենից եւ չնկարահանել, սակայն Նարե Գեւորգյանն այդ պահանջին որեւէ կերպ չի արձագանքել, ավելին՝ շարունակել են նկարահանել եւ հարցեր տալ, ինչից հետո միայն Սարգիս Հովհաննիսյանը Նարե Գեւորգյանի ձեռքում առկա խոսափողը հրել է մի կողմ … ՀՀ սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության եւ գաղտնիության իրավունք»: ՀՀ սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ…» (մեջբերման ավարտը)։
Անկեղծ եմ ասում, ամեն անգամ իրենց իրավապահ համարողների նման անհեթեթ մեկնաբանությունները կարդալուց հետո մտածում եմ, թե սա վերջն է, սրանից այն կողմ այլեւս հնարավոր չէ անհեթեթություն գրել։ Բայց չէ, ամեն նոր պարզաբանում, մեկնաբանություն գերազանցում է նախորդին։
Հարգելիներս, Սահմանադրության ձեր մեջբերած հոդվածները նման միջադեպին կարող էին վերաբերել, եթե Սարգիս Հովհաննիսյանը փակված լիներ իր տանը կամ աշխատասենյակում եւ զրուցեր հեռախոսով, իսկ լրագրողն էլ փորձեր գաղտնալսել կամ գաղտնի տեսաձայնագրել։
Սակայն պարոն Հովհաննիսյանը գտնվում էր հանրային վայրում, հարյուրավոր (եթե չասեմ՝ հազարավոր) մարդկանց աչքի առաջ, եւ այդ պարագայում խոսակցության կամ վարքի կամ գործողությունների ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը։ Լավ է, որ ինքներդ եք մեջբերել Սահմանադրության հոդվածի վերջին մասը՝ «…կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ…»։
Բա չմտածեցի՞ք, որ հանրային վայրում գտնվելը հենց օրենքով սահմանված օրինաչափ հիմք է։ Թե՞ գիտեիք, բայց նաեւ մտածեցիք՝ դե գրենք, ո՞վ է խորանալու։
Հանրային վայրում, հանրային միջոցառման ժամանակ, այդ միջոցառմանը լրագրողների ներկայության պայմաններում գաղտնի խոսակցություն, գաղտնի գործողություն, անձնական տվյալների պաշտպանություն չի լինում եւ չի էլ կարող լինել։
Ի դեպ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում է այն դեպքերը, երբ արգելվում է գաղտնի տեսաձայնագրումը, հատուկ նշում է նաեւ բացառությունները.
«Արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, եւ այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար եւ դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել»։
Հասկացա՞ք, պարոնա՛յք։ Սարգիս Հովհաննիսյանը չէր կարող ակնկալել, որ գտնվել է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար, մանավանդ դրա համար չէր էլ ձեռնարկել բավարար միջոցներ։ Նա գտնվում էր հանրային, բաց տարածքում եւ իրեն նկարելն արգելելու իրավունք չուներ։ Իսկ քանի որ արգելել է իբրեւ պաշտոնյա, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» հոդվածի 2-րդ մասի խախտումն ակնհայտ է։
Իսկ եթե ըստ քննչական կոմիտեի լսելի ու տեսանելի չլինելու համար ձեռնարկված բավարար միջոցներ են օպերատորին աքացի տալն ու լրագրողի խոսափողը մի կողմ հրելը, ապա ստիպված եմ հիասթափությունս հայտնել նման քննիչների իրավական գիտելիքների մակարդակի վերաբերյալ։
Չնայած, նորից կրկնեմ, ոչ ոք չէր կասկածում, որ այս գործը կարճվելու է։ Բա հո չէի՞ն դատապարտելու օրուգիշեր Փաշինյանի եւ յուր կարկառուն զինակիցների անդորրը ապահովող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային։
Հ. Գ. Իհարկե, քրգործը կարճելու հիմնավոր պատճառ է նաեւ երկու միանման ընտանի կենդանիների՝ միմյանց թաթ չխածելու մասին հին հայկական ասացվածքը։ Սակայն ես այն չհիշատակեցի, որովհետեւ նախ՝ դա կարող էր մեկնաբանվել իբրեւ կարկառունների սահմանած «ծանր վիրավորանք», երկրորդ՝ առանց իմ ասելու էլ բոլորը գիտեն, որ դա է հիմնական պատճառը։ Իսկ մնացած հիմնավորումները՝ Սահմանադրության հոդվածները մեջբերելը, անձնական տվյալներ պաշտպանելը, ընդամենը լոլոներ են կամ մարդկանց ականջներից խմորային երկարավուն արտադրանք կախելու փորձ։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։