Լոռու մարզի ամենամեծ դպրոցում բնությունը մաքուր պահելու պատասխանատու գործը սկսել են փոքր քայլերից։ Դասասենյակներում արկղեր են դրել եւ ձեռնամուխ եղել թղթե թափոնների հավաքմանը։ Պատանի բնասերների՝ շրջակա միջավայրի մասին հոգ տանելու ու նաեւ դպրոցին օգտակար լինելու նախաձեռնությունն աննկատ չի մնացել։ Դրական արձագանքները նոր գաղափարներ իրականացնելու ազդակ են դարձել։
Բայց մինչեւ թափոններ հավաքելու նախաձեռնությունը Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշակերտներն իրենց աշխարհագրության ուսուցչի հետ հայրենիքին եւ բնությանը տեր լինելու երկար ճանապարհ են անցել։
Էկոխմբակ՝ լավ գործերի սկիզբը
Նարինե Գալստյանն էկոխմբակի հիմնադիրն ու շարժիչ ուժն է։ Արդեն տասը տարուց ավելի նա ջանք ու եռանդ չի խնայում՝ աշակերտներին բնությանը մոտ պահելու, հողը, ջուրը, երկիրը սիրել տալու։
«Դպրոցում առարկան դասավանդելիս միշտ գացվում է բնության համար հոգ տանելու գործնական անհրաժեշտությունը։ Մենք դասերի ընթացքում անընդհատ իրազեկում ենք, չենք առանձնացնում բնապահպանությունը բուն առարկաներից եւ գործ ենք անում։ Երբ ավագներն ավարտում են էկոխմբակը, կրտսերները գալիս են նրանց հետեւից։ Եվ տեսնելով նրանց պահվածքը, գործը, վերաբերմունքը բնությանը՝ ավելի են մոտիվացվում»,- պատմում է Նարինե Գալստյանը։
Թուղթ հավաքելու նախաձեռնությունն էլ պարզապես օգտակար գործ արած լինելու համար են սկսել։ Հետո էկոխմբակի ֆեյսբուքյան էջում պատմել են այդ մասին եւ «հանդիպել բնության հանդեպ հոգատար մարդկանց խմբերի»։ Սկզբում ոգեւորել են, հետո աջակցել։ Թղթե թափոններից ստացված գումարը «Էկո աղբ» բնապահպանական կազմակերպության շնորհիվ բազմապատկվել է, ինչով էլ դպրոցի համար նստարան են գնել։
«Էկո աղբ»-ի հետ գործակցությունը մինչեւ այսօր շարունակվում է։ Թափոնների հավաքման գործը՝ նույնպես։ Հիմա թղթին նաեւ պլաստիկն է ավելացել։
Պլաստիկն աղբ չէ, կափարիչը՝ նույնպես
«Ամեն դասարանում տեղադրել ենք էսպիսի մեծ շշեր, որոնց մեջ հավաքում ենք պլաստիկե գլխարկները։ Շատ փոքր են, եւ ավելի հարմար է հավաքելը։ Ըստ միջազգային տվյալների՝ 1 տոննան մոտ 200 եվրո արժե, պատրաստվում ենք էլի հավաքելու ու հանձնելու»,- ասում է էկոակումբի անդամ Ալլա Գրիգորյանը։
Իսկ Անի Խաչատրյանը կափարիչների հավաքման գործում ամենաակտիվն է։ Ամենաշատ պլաստիկ գլխարկ հենց նա է հավաքել։
«Այն տեղերը, որտեղ աղտոտվածություն կա, մենք փորձում ենք գնալ ու մաքրել։ Կգա մի այնպիսի օր, որ եկող սերունդն ավելի մաքուր կպահի բնությունը։ Ես հավատում եմ, որ մեր աշխատանքն անարդյունք չի մնա, ավելի շատ հետեւորդներ կունենանք»,- ասում է Անին։
Հիմա «Էկոաղբ»-ի կազմակերպած «Կափարիչն աղբ չէ» մրցույթի ամփոփմանն են սպասում։ Կափարիչներից ստացված գումարով մտադիր են աղբարկղեր գնել․ դպրոցը թաղամասի կենտրոնում է, եւ շրջակայքը միշտ մաքուր պահելու խնդիր է առաջանում։
«Մեծ մարզահրապարակ ունենք, որտեղ նաեւ ամբողջ թաղամասի փոքրիկներն են ամռանը հանգստանում։ Եվ տարածքը մաքուր պահելու համար աղբարկղեր են պետք։ Նաեւ դպրոցի ներսում փոքրիկ այգիներ ենք հիմնելու, այդ տեղի համար էլ աղբամաններ են անհրաժեշտ»,- ասում է էկոակումբի աշխատանքը համակարգող ուսուցչուհին։
Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցը մոտ հազար աշակերտ ունի։ Ըստ Նարինե Գալստյանի՝ էկոակումբում բոլոր դասարաններից ակտիվ խմբեր ունեն․ ինքնակազմակերպվում են եւ ինքնուրույն հոգում շրջակա միջավայրի մաքրության մասին։
Ոգեշնչող կարգախոսներ
«Օգնեց մեզ սովորելուն, մենք էլ օգնենք բնությանը․ այս կարգախոսով մենք գրիչի միջուկներ սկսեցինք հավաքել այն ժամանակ, երբ մեր ուսուցչուհին պատմեց, որ երբ սրանք գցում ենք ջրի մեջ, կենդանիները կարող են կուլ տալ եւ մահանալ։ Որոշեցինք օգնել բնությանը։ Հետո ընդլայնեցինք նախագիծը, արդեն դպրոցի բոլոր դասարաններում են միջուկներ հավաքում։ Հետո սրանք կվերամշակվեն եւ կդառնան սովորական գրիչներ։ Միայն մեր դասարանում արդեն 250-ից ավելի միջուկ ենք հավաքել»,- պատմում է կրտսեր ակումբական Անիտա Արշակյանը։
«Մեկ աշակերտ, երկու պլաստիկ»․ սա էլ շշեր եւ տարաներ հավաքելու կարգախոսն է։ Աշակերտները խիստ հետեւողական են նաեւ այս գործում․ գիտեն՝ պլաստիկի քայքայումը բնության մեջ մի քանի հարյուր տարի է տեւում, եւ միակ լուծումը դրա վերամշակումն է։
Ժաննան ու Դավիթն էլ պատմում են, թե ինչպես են մոտ հազար շիշ անտառից, գրեթե կրկնակի էլ Տանձուտ գետից հանել, ապա տեսակավորել՝ առանձնացնելով կափարիչները։
«Մենք մասնակցում ենք բազմաթիվ բնապահպանական մրցույթների, գովազդներ ենք նկարում, eTwinning կրթական ծրագրից Որակի եվրոպական հավաստագիր ենք ստացել։ Այցելել ենք Կարնիի, Ձորաղբյուրի տնկարաններ, Վանաձորի բուսաբանական այգի, Դիլիջանի ազգային պարկ, եղջերուների բազմացման կենտրոն, շատ հաճախ Մարգահովտի «Էյ Թի Փի» բնապահպանական կենտրոն ենք գնում,- էկոակումբի առօրյան է ներկայացնում Լիա Մարտիրոսյանը, ապա ավելացնում,- բնությունը սեր է պահանջում, եւ մենք փորձում ենք տարածել այդ սերը»։
Այս տարի «Էյ Թի Փի» (Հայաստան ծառատունկ ծրագիր) հիմնադրամի հետ դպրոցի շրջակայքում նաեւ մոտ 500 թուփ եւ ծառ են տնկել։
Բնության պահպանությունը՝ «Էկո աղբ»-ի հետ
Վանաձորի թիվ 24 դպրոցի աշակերտների առօրյայից արդեն չորս տարի անբաժան են թափոնների հավաքումն ու տեսակավորումը։ Գրեթե ամեն ամիս «Էկո աղբ»-ը Վանաձորում է լինում։ Իսկ դա նշանակում է, որ հավաքած թափոնները համատեղ ուժերով պետք է վերամշակման արտադրամաս կամ ընդունման կետ տեղափոխել։
Ակցիաների մասին հանրությունն իմանում է Ֆեյսբուքից։ Նախապես հայտարարված օրը եւ նշված ժամին բնակիչները կոնկրետ վայրում են լինում՝ իրենց հետ տանելով արդեն հավաքած թափոնները։
Կարեւոր այս գործի համակարգողն «Էկո աղբ» բնապահպանական հասարակական կազմակերպության կամավոր Արգիշտի Դարբինյանն է։ Նա նշեց, որ Վանաձորում վերջին չորս ամսվա ընթացքում հավաքված 163 կգ պլաստիկի եւ պոլիէթիլենի մեծ մասը 24-րդ դպրոցն է հավաքել։
«Նախաձեռնությունը սկսվել է 2018 թվականի սկզբից, ու էս չորս տարիների ընթացքում մենք եղել ենք Հայաստանի բոլոր մարզերում եւ կրթական ծրագրեր ենք իրականացրել Արթիկում, Գավառում, Վանաձորում, Աշտարակում, նաեւ Արցախում։ Մեր հիմնական առաքելությունն է հիմա, որ Հայաստանի մարզերում տեսակավորման մշակույթը զարգացնենք, օգնենք վերամշակողների գտնել, նաեւ հնարավորության դեպքում համայնքներին էլ օգնենք խորհրդատվությամբ, փորձով, գիտելիքներով, որպեսզի իրենք էլ տեղերում փորձեն տեսակավորել։ Իրականում փորձում ենք ամբողջ շղթան կազմակերպել, միայն հավաքելը շատ քիչ է»,- ասում է Արգիշտին:
Ներկայում մարզային ամենաակտիվ գործակցությունը Վանաձորի հետ է, որովհետեւ այս քաղաքում պլաստիկը վերամշակող արտադրամաս է գործում։ Նաեւ՝ ընդունման կետ, որտեղ հնարավոր է հանձնել թափոնները։ Մինչդեռ այլ բնակավայրերում գործը լիարժեք կազմակերպելուն տեղափոխման խնդիրներն են խանգարում։
«Էկո աղբ»-ի «Կափարիչը աղբ չէ» նախաձեռնությանը մարզերի՝ երեք տասնյակից ավելի դպրոցներ են մասնակցում։ Նույն գործը Երեւանում կազմակերպության կամավորներն են անում։ Երեխաները բնությանն ու իրենց դպրոցներին են օգուտ տալիս, իսկ կազմակերպությունն իր «օգուտները» նաեւ սահմանին է ուղղում։ Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին։
«Կափարիչը աղբ չէ», «Հավկիթի տուփն աղբ չէ» նախաձեռնություններն ենք անում Երեւանում։ Տուփերն ուղարկում ենք վերաօգտագործման, տարբեր կազմակերպությունների, անհատների ենք տալիս: Երկրորդ կյանք ենք տալիս դրանց՝ խրախուսելով վերաօգտագործումը, որպեսզի հնարավորինս քիչ աղբ գնա աղբավայր։ Իսկ կափարիչը հավաքում, վաճառում ենք։ Ստացված գումարով նախատեսում ենք սահմանի համար պետքական իրեր գնել»,- ասում է Արգիշտի Դարբինյանը։
«Սահմանի եւ հայրենիքի համար» գաղափարը Լոռու ամենամեծ կրթօջախում առավել կարեւոր է դարձել պատերազմից հետո։
«Ինձ պարտավորեցնում են պատերազմում զոհված մեր սաները, հատկապես Հրաչ Արզումանյանը, որ էկոխմբակի ավագ սաներից էր, թղթի հավաքման, հանձման գործում մեծ ներդրում ուներ։ Եվ ուրախ եմ, որ ժամանակը հիմա նպաստավոր է մեր աշխատանքի համար․ դարի մարտահրավերն է դարձել մոլորակն աղբից ազատելը։ Ուրախ եմ նաեւ, որ Հայաստանում ակտիվ են երիտասարդները, որ գիտեն հայրենի հողի արժեքը»,- եզրափակում է Նարինե Գալստյանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։