Հունիսի 8-ին Շիրակի մարզում երկու նոր՝ «Կանաչ» ստանդարտներով վերազինված արտադրամասերի կարմիր ժապավեն կտրեցին։
Ախուրյան համայնքի Ղարիբջանյան եւ Առափի բնակավայրերում արտադրական տարածքներ են արդիականացվել, ներդրվել են նոր՝ ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաներ: Որպեսզի նորաբաց արտադրամասերը գործեն կանաչ ստանդարտներին համաձայն, օգնել են Եվրոպական միությունը եւ Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության (EU-GAIA) ծրագիրը։ Նախաձեռնությունը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, գործընկերը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է:
Ծրագրի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ֆերմերների, ոլորտի փորձագետների, շահառուների, ՀԿ-ների ներկայացուցիչների առաջին կանգառը Ղարիբջանյան գյուղի «Սաննի Ֆուդ» պահածոների գործարանում էր:
2004 թվականից ընդհատումներով եւ փոքր ծավալով աշխատող ընտանեկան գործարանն այսուհետեւ կգործի արտադրական ամբողջ ծավալով: Տեղական բալն ու մոշը, տանձն ու խնձորը ղարիբջանյանցիներն ու հարեւան համայնքների բնակիչներն ավելի մեծ եռանդով կհավաքեն. գիտեն՝ իրացման խնդիր չեն ունենալու:
EU- GAIA-ն գործարանը համալրվել է արեւային կայանով, մթերքի սառեցման հինգ տոննա տարողությամբ պահեստներով, հոսքագծերով։ Գործարանի սեփականատերերն ասում են՝ էլեկտրաէներգիայի եւ այլ ծախսերին ուղղված միջոցները կտնտեսեն: Ղարիբջանյանը գազաֆիկացված չէ, հետեւաբար էներգիայի ծախսը հսկայական էր: Խնայված ֆինանսներն այսուհետեւ կուղղվեն գործարանի արտադրական ծավալների մեծացմանը: Հինգ-վեց աշխատատեղն արդեն հասցրել են դարձնել տասնյոթ, իսկ բերքահավաքի ակտիվ շրջանում 40-45 են նախատեսում:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Անդրեա Բաջջիոլին տեղեկացրեց, որ միության աջակցությունը 9,7 միլիոն եվրո է, եւս 2 միլիոնն էլ Ավստրիական զարգացման գործակալության ներդրումն է: «Այսօր տեսնում ենք, որ ներդրումները բերում են շոշափելի արդյունքների: Հայաստանն ունի լավ աշխատուժ, կարողություն, հրաշալի հումք, որը երաշխավորում է արտադրված մթերքի որակական բարձր հատկանիշներ»,- ասաց պարոն Բաջջիոլին։ Նա վստահ է, որ շուտով Ղարիբջանյանի պահածոների համը կգրավի միջազգային շուկան:
Երկրորդ արտադրամասը Առափիի «Հարմոնի Ֆարմ» դեղաբույսերի աճեցման ցուցադրական կենտրոնն էր: Կենտրոնի հիմնադիր Սլավա Նազարյանը զբաղվում է բարձրորակ խոտաբույսերի, համեմունքի եւ լոբազգիների մշակությամբ, նաեւ վերացող բույսերի բարձրորակ սերմեր է արտադրում։ Դիմել է դրամաշնորհին ու ֆինանսավորվել: Այժմ կազմակերպությունը համալրվել է հողմշակման գործիքներով, սերմերի մաքրման եւ խոտաբույսերի տեսակավորման եւ հղկման միջոցներով:
Այսուհետեւ EU-GAIA ծրագրի շահառու մոտ 20 ագրոբիզնեսներին, ինչպես նաեւ Շիրակի հարեւան մարզերի ֆերմերներին հասանելի կլինեն կենտրոնում աճեցված խոտաբույսերի տնկիներն ու սերմերը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին ասաց, որ կանաչ գյուղատնտեսության ծրագիրը կարեւորներից է իրենց համար: Նա հույս հայտնեց, որ «Հարմոնի Ֆարմ»-ը վարակիչ օրինակ կլինի խելացի գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողների համար: Սոկուլսկին վստահեցրեց, որ մասնավոր ու փոքր ձեռնարկատերերին օգնելն առաջնահերթություն է։
Կանաչ գյուղատնտեսությանն ուղղված ծրագրերի շրջանակում շարունակվում են նման ներդրումները: Եվրոպական միության ներկայացուցիչները կոչ արեցին դիմելու շահառու կազմակերպություններին, ստանալու ֆինանսավորում եւ, խնայելով շրջակա միջավայրի ռեսուրսները, բարիք ստեղծելու:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։