«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի առիթով այսօր ասել է, թե «իշխանափոխությունից հետո ամեն ինչ անելու ենք, որ շարունակենք մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը»։
Այնուհետեւ Լավրովին կոչ է արել Նիկոլ Փաշինյանի հետ չբանակցել, քանի որ նա քանդեց Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Պատասխանեմ անեկդոտի ոճով՝ Լավրովն իր տանը հանգիստ նստած էր, Փաշինյանն էլ քանդե՞ց այդ հարաբերությունները։
Լավրովը [ԵԱՀԿ ՄԽ] համանախագահող երկրի արտգործնախարարն էր, չէ՞, երբ ՌԴ համանախագահողը ասում էր, որ Ռուսաստանը մտադիր չէ լուծել Ղարաբաղի հարցը։ Այսինքն՝ հասկացնում էր, որ ձգձգելու է այնքան, մինչեւ Հայաստանը խնդրի, որ ռուս խաղաղապահներ տեղակայվեն Ղարաբաղում։ Իսկ ինչպե՞ս պիտի տեղակայվեին։ Բնականաբար պատերազմի ու պարտության ճանապարհով։
Ա՛յ, Փաշինյանը հանգիստ նստած էր եւ այս պլաններից գաղափար չուներ։ Պարզ է, որ հրեշտակ չէր։ Բայց Լավրովի համեմատ հաստատ Հայաստանին էս օրը գցելու պլաններ չուներ։ Եվ Ռուսաստանը Հայաստանին այս օրը գցեց ոչ այն պատճառով, որ Փաշինյանը նրան դադարել էր իբրեւ ռազմավարական դաշնակից ընկալելուց։ Ո՛չ։ Ռուսաստանը պարզապես այն ամբողջ ընթացքում, երբ իսկապես մեր ռազմավարական դաշնակիցն էր, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մտածում էր տարածաշրջանն իբրեւ բլիթ կիսելու մասին։ Ու կիսեցին։
Սերժ Սարգսյանի օրոք էլ այսպես կլիներ, գուցե ավելի քիչ զոհերով, գուցե ընդհանրապես առանց զոհերի։ Թեպետ առանց զոհերի Հայաստանի ոչ մի առաջնորդ ռիսկ չէր անի ռուս խաղաղապահներ մուրալ։
Հայկ Մամիջանյանի կեցվածքը մոտ է ողորմելիությանը։ Նա Ռուսաստանին հստակ ասում է՝ մեզ բերեք իշխանության, մենք ձեզ սկուտեղի վրա վերադարձնենք Հայաստանը։ Լավրովը գուցե դեմ չէ, գուցե նույնիսկ այդ ուղղությամբ աշխատում են։ Լավ, կարող են նույնիսկ Փաշինյանին եւ ամբողջ ՔՊ-ին էլ առեւանգել, բայց ժողովրդի հետ ի՞նչ են անելու։ Էդպես էլ ընդդիմությունը գլխի չընկավ, թե ինչու իշխանություն փոխվեց, եւ ինչու դրա գինը դարձավ Ղարաբաղը։
Էդպես էլ չհասկացան, որ այս օրվա ակունքներն իրենց մոտ են։ Գլխի չընկավ, դրա համար էլ առավոտից իրիկուն քաղաքական ոչ մի խոսք չի հնչում, միայն հայհոյանք ու զոհերի հիշատակի չարաշահումներ։ Սա հասկացող ընդդիմությունը հաստատ չէր անի այն, ինչ արեցին ընդդիմադիր երեք պատգամավորները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։
Հասկանո՞ւմ եք, մարդկանց քաղաքական փաստարկն այն է, որ Նիկոլը վատն է, մենք՝ լավը։ Հիմա ինձ ո՞վ կասի՝ երկրորդ եւ երրորդ նախագահների պաշտոնավարման 20 տարիներին մենք արտաքին քաղաքականություն ունեցե՞լ ենք։ Եթե իհարկե այդ 20 տարիներին չենք եղել Կարելիայի կամ Չուկոտկայի Հանրապետությունների նման ինչ-որ բան։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: