Աբու Դաբիի IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ ծառայողական քննությունը շարունակվում է: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն հայտարարել է, որ հայկական ցուցանմուշները Աբու Դաբի չեն հասել լոգիստիկ խնդիրների պատճառով: Սա լայնորեն քննարկվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական համայնքում, որի ներկայացուցիչները միշտ հետեւում են ԱՄԷ-ում կազմակերպվող ցանկացած ցուցահանդեսի, որին մասնակցում է Հայաստանը:
«2019-ին Հայաստանը նույն այդ ցուցահանդեսում փառավոր ներկայացավ. ցուցահանդեսի բացմանը Հայաստանի զինված ուժերի զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի տպավորիչ ելույթը բոլորն են հիշում»,- «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց ԱՄԷ-ում Միջազգային խորհրդատվական ծառայությունների գրասենյակի տնօրեն, «Ազատ հայ» կայքէջի հիմնադիր Հրաչ Քալսահակյանը: 2019-ին Հայաստանը նաեւ ցուցանմուշներ էր ներկայացրել:
«Այսօր որեւէ ապրանք հնարավոր չէ օդում ծախել կամ ցույց տալ, ինչքան էլ գեղեցիկ խոսքեր հյուսվեն դրա շուրջ եւ ինչքան էլ գունազարդ տպագրեն դրա մասին բուկլետը: Ցուցանմուշներն արկղերում մնացին, իսկ Հայաստանը բուկլետ բաժանեց»:
Խորհրդատվական գրասենյակի տնօրենը զարմանում է՝ ինչու նախորդ անգամ այս ցուցահանդեսին պաշտպանության նախարարության մակարդակով հանդես եկած Հայաստանն այս անգամ նույն ցուցահանդեսին ներկայացավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մակարդակով: «Հունաստանը, Կիպրոսը, Սերբիան, Ադրբեջանն ու շատ այլ երկրներ իրենց պաշտպանության նախարարություններն էին ներկայացնում, ներկա էին նրանց պաշտպանության նախարարները, որոնք պատշաճ վերաբերմունքի արժանացան ԱՄԷ-ի իրենց գործընկերների կողմից:
Երկրորդ հարցը. ինչո՞ւ է տաղավարի կառուցապատման համաձայնագիրը ստորագրվել փետրվարի 2-ին, երբ Հայաստանի մասնակցությունը վաղուց էր հայտնի:
Երրորդ՝ հայտնի չէ, թե ցուցանմուշների փոխադրման աշխատանքն ում էր վստահված՝ տաղավարը կառուցապատող ընկերությա՞նը, թե՞ այլ ընկերության: Եթե ցուցանմուշները տեղ չեն հասել, նվազագույնը պետք է նշվի փոխադրման աշխատանքների պարտավորությունը ստանձնած ընկերության անունը: Պետք է նաեւ պարզաբանվեն, թե ապահովագրական ու տուգանային ինչ հարցեր են նախատեսված նման գործը ձախողելու դեպքում: Եվ ընդհանրապես, մենք մեծ թվով սփյուռքահայեր ունենք ԱՄԷ-ի ցուցահանդեսների եւ տաղավարների կառուցապատման եւ լոգիստիկայի բնագավառներում, ինչո՞ւ չեն օգտվել նրանց բազմաշերտ ու երկար տարիների փորձառությունից, որ այս վիճակում չհայտնվեինք: Ցավալի կլինի, եթե այս դեպքի առթիվ հայտարարված վարչական քննությունն անարդյունք լինի, եւ երկու տարի հետո Հայաստանը նույն ցուցահանդեսին ներկայանա առանց դասեր քաղելու այս տարվանից»:
Մեր զրուցակիցը նշում է, որ բացթողումները ոչ միայն տեղում՝ ցուցահանդեսում էին, այլեւ ցուցահանդեսի պաշտոնական կայքէջում. «Ցուցահանդեսի՝ Հայաստանին հատկացված էջում երեւացող նկարները ցույց են տալիս, որ էջը չի թարմացվել, եւ քանի որ վերջին շրջանում մենք Ադրբեջանի հետ ենք ինչ-որ հարցերում համեմատվում, ապա ասեմ, որ Ադրբեջանի էջը թարմացված է, բազմաթիվ ներբեռնելի նյութեր են կցված: Էլեկտրոնային այս ժամանակներում պարզ տեղեկատվության բացակայությունը զարմանք է առաջացնում, սա՛ էլ պիտի ենթարկվի վարչական քննության»:
Ըստ Հրաչ Քալսահակյանի՝ պատահածը Արաբական աշխարհում Հայաստանին ընձեռված եւս մեկ հնարավորության կորուստ է: Նա աշխատանքի բերումով հաճախ է այցելում Արաբական Միացյալ Էմիրությունների խոշոր քաղաքներում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսների: ԱՄԷ-ն վերջին տասնամյակում դարձել է աշխարհի զարգացումը ներկայացնող եւ Մերձավոր Արեւելքի հնարավորություններն առաջարկող ցուցահանդեսային մեծ կենտրոն:
«Այդ հնարավորություններից օգտվելու Հայաստանի կորուստն այնքա՜ն շատ է, տարիների ընթացքում այնքա՜ն առիթներ են բաց թողվել, այնքա՜ն մսխումներ են եղել, այնքա՜ն ոչ իրազեկ ու անհամապատասխան մարդիկ են ընդգրկվել հայկական պատվիրակություններում, այնքա՜ն աննպատակ ու անկազմակերպ միջոցառումներ են տեղի ունեցել, դրանց մասին անթիվ վկայություններ ու փաստեր կարող եմ վերհիշել: Ինքնավստահությունը լավ բան է, բայց ամենաինքնավստահը իր պարտականությունները գերազանց կատարող մարդն է»:
«Ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի տաղավարում ցուցանմուշների բացակայության սկանդալը» հարցին Հրաչ Քալսահակյանը պատասխանում է.
«Հետեւանքները հստակ են: Այդպիսի մրցակցային միջավայրում, երբ այցելուներն ընդամենը մեկ րոպեում, հաճախ նետված մեկ հայացքով են կարծիք կազմում, ի՞նչ կարծիք կարող են ունենալ Հայաստանի մասին, որի տաղավարում շոշափելի բան չկար: Աբու Դաբիում տեղի ունեցածը կարելի է դիտարկել Արցախի երկրորդ պատերազմում մեր պարտության շրջագծում. նույն մոտեցումն ենք դրսեւորել, այս անգամ՝ ցուցահանդեսի բեմահարթակում: Չեմ ուզում մտածել, որ բացակա լինելը ավելի լավ է, քան խայտառակ ձեւով ներկայանալը: Մենք այս երկու ծայրահեղություններից այն կողմ այլընտրանք պետք է ունենանք»:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս օրերին ԱՄԷ-ում մեկ այլ խոշոր ցուցահանդես կա՝ Դուբայի Gulfood 2021-ը, որ Սննդի եւ գյուղատնտեսական արտադրանքի՝ աշխարհում երկրորդ մեծագույն ցուցահանդեսն է:
«Այնտեղից եմ գալիս, միջազգային մեծ համբավ ունեցող ցուցահանդես է, մեծ թվով երկրներ են մասնակցում՝ հսկայական տաղավարներով: Հայաստանից «Արարատ» անունով մի ընկերություն կար ընդամենը, որ ցուցահանդեսի՝ բառացիորեն ամենահեռավոր անկյունում էր, անշուք վիճակում»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։