Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հայտարարել է, որ Ֆինլանդիան առանց Շվեդիայի չի միանա ՆԱՏՕ-ին, եթե Շվեդիայի անդամակցումը հետաձգվի Թուրքիայի հետ չկարգավորված վեճերի հետեւանքով:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում Նիինիստոն շեշտել է, որ Շվեդիայի գործը նաեւ Ֆինլանդիայի գործն է, երկու երկրները միասին՝ ձեռք ձեռքի տված, առաջ են շարժվում:
Ֆինլանդիայի նախագահների ամառային նստավայր Կուլտուրանտա (Ոսկե ափ) ավանում Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը Ֆինլանդիայի նախագահն ասել է, թե իր համար անակնկալ էր Անկարայի առարկությունը, թեեւ պետք է ամենայն լրջությամբ ըմբռնել թուրքական կողմի մտահոգությունները:
Ստոլտենբերգն էլ ընդգծել է, թե պետք է հիշել եւ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ահաբեկչությունից ամենաշատը Թուրքիան է տուժել: