Հայաստանի կենսալաբորատորիաները պարբերաբար հայտնվում են հայ հասարակության` Մոսկվայից ֆինանսավորվող, ուշադրության կենտրոնում: «Ձայն բազմաց» տիպի անվանումներով կազմակերպություններն «ուսումնասիրում են իրավիճակը» եւ «եզրահանգումներ անում», ըստ որոնց՝ լաբորատորիաներում ժողովրդից խնամքով թաքցվող աշխատանքներ են ընթանում: Համապատասխան ուղղվածության եւ ֆինանսավորման զանգվածային լրատվամիջոցներն ազդարարում են գաղտնի փաստաթղթերի մասին: Եվ բացահայտում են Պենտագոնի ռազմա-կենսաբանական զարհուրելի գործունեությունը, որը ծայրաստիճան հետաքրքրված է Հայաստանի տարածքում որպես կենսաբանական զենք՝ առանձնապես վտանգավոր ախտածինների հետ աշխատանքով:
Դրանից հետո «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը» (Հայաստանում այդպիսի կազմակերպություն կա, որի անդամները, չգիտես ինչու, թոշակ են ստանում Ռուսաստանից), կոչ է անում անհապաղ ստուգելու «ամերիկյան կենսալաբորատորիաների» գործունեությունը: Սովորաբար կենսալաբորատորիաների մասին հիշում են Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների սառեցման ժամանակաշրջանում:
Անհեթեթ զենք
Սարսափելի՞ է: Իսկ հիմա անցնենք բուն նյութին: Հայաստանում օրենսդրությամբ «կենսալաբորատորիա» եզրույթ գոյություն չունի: Գոյություն ունեն հասարակական առողջության ապահովման նպատակով կենսաբանական գործոնի ախտորոշման հետազոտությունների միջոցով լաբորատոր-ախտորոշիչ օգնություն եւ սպասարկում տրամադրող արտոնագրված կազմակերպություններ:
Դրանց մի մասը ֆինանսավորվում է պետական բյուջեից, մյուս մասը՝ օրենքի շրջանակում, ֆինանսական այլ աղբյուրներից։ Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (NCDC-ՀՎԿԱԿ) պաշտոնական հայտարարության՝ ռեֆերենս լաբորատորիաներն ապահովում են հանրապետության անվտանգությունը: Եվ ելնելով Հայաստանում կենսաբանական զենքի տարածման վտանգների նվազմանն ուղղված միջազգային պարտավորություններից՝ չեն կարող երկակի նշանակություն ունենալ:
Մասնագետները կենսաբանական զենքի մասին խոսակցություններն անհեթեթ են որակում: Իսկ նույն ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը լաբորատորիաների գործունեությունը բնորոշեց որպես «կենսաբանական եւ քիմիական գիտահետազոտական ուղղվածության»: Նշելով, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը համագործակցում է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի հետ, Վանյանն ախտածինների հետազոտմամբ պայմանավորված համակարգի փակ լինելու հանգամանքը բնականոն երեւույթ է համարում: Առողջապահության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ լաբորատորիաներում միայն հայ մասնագետներ են աշխատում:
Մոսկվան անհանգստանում է ու համառորեն պնդում
Վերադառնանք մոսկովյան անհանգստությանը: ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ «ռեֆերենս լաբորատորիաները հետապնդում են խորքային շահեր եւ կենսաբանական ոլորտում Միացյալ Նահանգների ձեռքում ռազմական գործիք են ծառայում»: Դրանից հետո ավանդույթի ուժով ռուսաստանյան մասնագետներին նշված լաբորատորիաներ մուտքի իրավունք էր պահանջում:
2018-ի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանձնարարությամբ ռուսաստանյան մասնագետները «ամերիկյան լաբորատորիաների» մուտքի իրավունք են ստացել եւ ուսումնասիրել դրանց գործունեությունը: «Այն պահից ի վեր, ինչ ես դարձել եմ վարչապետ, ռուսաստանցիները երբեք մուտքի իրավունքի առումով խնդիր չեն ունեցել եւ չեն ունենա»,- հայտարարել է Փաշինյանը: Դեռ դրանից առաջ՝ 2017-ին, լաբորատորիաներ են այցելել նաեւ հայ լրագրողները:
Ռուսաստան Փաշինյանի վերջին այցի ժամանակ ընդունված համատեղ հայտարարության 30 կետերից մեկով Հայաստանն ու Ռուսաստանն իրենց տարածքները կենսաբանական անվտանգության ոլորտի գործունեության նպատակով չեն տրամադրելու երրորդ երկրներին՝ ուղղված միմյանց շահերի դեմ: Փաշինյանն ու Պուտինը նաեւ ընդգծել են կենսաբանական անվտանգության ոլորտում պայմանավորվածությունների իրագործման ապահովման կարեւորությունը՝ նաեւ 2021-ի մայիսի 6-ին ընդունված Հուշագրի հիման վրա: Այդ փաստաթուղթը հրապարակված չէ, բայց մեր աղբյուրներից հայտնի է, որ խոսքը վերաբերում է ոչ ավել, ոչ պակաս՝ համագործակցության մեխանիզմներին, տեղեկությունների փոխանակմանը, տվյալ ոլորտում մասնագետների վերապատրաստման կազմակերպմանը: Կարեւոր է ընդգծել, որ որեւէ կողմի լաբորատորիաներ մուտք գործելու իրավունք կամ դրանց նկատմամբ միակողմանի վերահսկում փաստաթուղթը չի նախատեսում:
Ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը
Իբրեւ ԱՄՆ «Կենսաբանական ծրագրի համատեղ մասնակցության» (CBEP) բաղադրամաս՝ Կենսաբանական սպառնալիքի նվազեցման ծրագիրը (BTRP) Հայաստանում գործում է 2008-ից: Եվ ըստ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարության՝ ամերիկյան կառավարության ներկայացուցիչներն այդ օբյեկտներ են այցելում տվյալ ծրագրի շրջանակում բացառապես իբրեւ Հայաստանի կառավարության հրավիրած հյուրեր: CBEP-ի բուն էությունն աշխարհի 25 երկրներում վիրուսների հայտնաբերման եւ դրանց անհապաղ վնասազերծման հնարավորությունների զարգացումն է:
Երեւանում ամերիկյան կապալառուները ստեղծել են երեք լաբորատորիա՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում եւ «Նորք» կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցում: Չորս տարածաշրջանային լաբորատորիաներ են ստեղծվել նաեւ Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում եւ Մարտունիում:
Ծրագրի ամերիկյան համակարգողի կայքում հրապարակված տվյալներով Անվտանգության սպառնալիքի նվազման գործակալությունները (DTRA) Հայաստանում անցկացնում են հետեւյալ ախտածինների՝ սիբիրյան խոց, բրուցելյոզ, ժանտախտ, աֆրիկյան խոզի ժանտախտ տուլյարեմիա, հետազոտումը: Միաժամանակ նրանք արձանագրում են նաեւ մուտացվող վիրուսների բռնկումը, որոնցից մի քանիսն արդեն իսկ տարածվել է Հարավային Կովկասում:
Հրապարակված հետազոտությունների արդյունքներից դատելով՝ Միացյալ Նահանգներում Հայաստանի համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ արդեն բավականաչափ տեղեկության են տիրապետում: Ծրագրի հայկական բաղադրամասի ֆինանսավորման մասին ճշգրիտ տվյալներ չկան, Հայաստանում լաբորատորիաների եւ տեղեկատվական ցանցի ֆինանսավորումը տարբեր գնահատականներով տատանվում է 18-50 միլիոն դոլարի սահմաններում: Ուշագրավ է, որ ամերիկյան ֆինանսավորմամբ համանման լաբորատորիաներ գործում են նաեւ մեր հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում:
Մեր ինսայդը
Ելնելով ռուսաստանյան մասնագետների համար լաբորատորիաների վերաբերյալ տեղեկություններից եւ մատչելիությունից՝ կարելի է ասել, որ Հայաստանում СВЕР-ի իրական նպատակները չեն տարբերվում պաշտոնապես հայտարարված նպատակներից: Եվ ամենակարեւորը, որ լաբորատորիաները լիովին վերահսկում է ՀՀ Կառավարությունը: Ինձ հաջողվեց անունը չհրապարակելու պայմանով շփվել երեւանյան լաբորատորիաներից մեկի աշխատակցի հետ: Նա համոզված է, որ իրենց աշխատանքների ամբողջ իմաստը Հայաստանում վտանգավոր վարակիչ հիվանդությունների հնարավոր բռնկումների պատեհաժամ ախտորոշումն է, ինչպես նաեւ նոր ի հայտ եկած, նախկինում անհայտ ախտածինների վերահսկումը եւ ամենակարեւորը՝ սննդամթերքի անվտանգությունը: Հայաստանում ախտածինների երեւան գալու վտանգներ գոյություն ունեն, եւ նկատի ունենալով գյուղատնտեսության օրգանական առանձնահատկությունը՝ երկրում գենետիկապես մոդիֆիկացված սննդամթերք գործնականում չի աճեցվում, այդ վտանգները բավականին բարձր են: Շոգ կլիման նույնպես մեծացնում է այդ վտանգները:
«Միրատորգը» չպետք է տուժի
Իրականությունը առասպելներից շատ ավելի պարզ է եւ սովորական, իսկ կարեւորը՝ անմիջականորեն արտացոլված է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարությունում: Սննդամթերքի ներմուծման առումով համաշխարհային առաջնորդ, իսկ արտերկիր մեկնող զբոսաշրջիկների թվով Չինաստանից հետո երկրորդ երկիր լինելով՝ Միացյալ Նահանգները կենսաբանական սպառնալիք է տեսնում, նախեւառաջ, սեփական անվտանգության համատեքստում:
Վաշինգտոնում պարզապես ճիշտ ժամանակին սկսեցին հաշվարկել ռիսկերը: Պրագմատիկ ամերիկացիները գիտակցում էին, որ նոր ախտածիններին հետեւելը, կանխարգելմամբ եւ նոր ախտածինների վնասազերծմամբ ուրիշ երկրների տարածքում զբաղվելն ավելի էժան են նստում եւ կարեւորը՝ ավելի անվտանգ, քան սեփական տարածքում։
Այլ կերպ ասած, վերոհիշյալ 25 երկրներում ներդրված հարյուրավոր միլիոն դոլարները յուրահատուկ երաշխիք են, կարանտին, որը թույլ չի տալիս, որ զանազան վիրուսներ, ախտածիններ ու մանրէահիմքեր հասնեն ամերիկյան ափեր: Սա սոսկ ամերիկյան պրագմատիզմի դրսեւորում է եւ ոչ ավելին:
Մինչդեռ օդի կենսաբանական պարբերական ցնցումների՝ Մոսկվայի շարժառիթը, քարոզչությունից զատ, պայմանավորված է նաեւ քաղաքականությունից բավական հեռու հանգամանքներով: Հայկական «կենսալաբորատորիաներում» ստուգման է ենթարկվում հանրապետություն ներկրվող ամբողջ սննդամթերքը: Ներառյալ Ռուսաստանից ներկրվող սննդամթերքը: Իսկ մինչեւ հայկական «կենսալաբորատորիաների» երեւան գալը մթերային ներմուծումը համապատասխան ստուգման էր ենթարկվում որտե՞ղ… իրավացի եք՝ Ռուսաստանի Դաշնությունում:
Եվ հիմա, օրինակ, ըստ տարածված լուրերի, ոչ այլ մեկի, քան ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւին պատկանող «Мираторг» ընկերության արտադրանքում արմավենու յուղի ցանկացած հայտնաբերման դեպքում այդ արտադրանքը քաղաքավարի կերպով, բայց վճռականորեն հետ են ուղարկում: Դա հասկանալի պատճառներով առաջացնում է Մոսկվայի դժգոհությունը, որն արտահայտվում է Հայաստանում ամերիկյան փողով կենսաբանական զենքի ստեղծման մասին բոբո պատմություններով:
Դավիթ Ստեփանյան