ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Վահան Քերոբյանի եւ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիպման վերաբերյալ:
«Վերին Լարս» անցակետում հունիսի 11-ին տեղի է ունեցել նախարարների հանդիպումը: Ռուսական պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցել են տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը, ինչպես նաեւ տրանսպորտի նախարարության եւ մաքսային ծառայության ներկայացուցիչներ։
Քերոբյանը Ռեշետնիկովի հետ հանդիպմանը շեշտել է, որ իրավիճակը «Վերին Լարսում» անհապաղ լուծում է պահանջում, քանի որ բեռնատար տրանսպորտային միջոցները ճանապարհի վրացական հատվածն անցնում են 20-30 օրում։
«Դրանք ապրանքներ են, որոնք անհրաժեշտ են ռուսական ընկերություններին եւ սպառողներին։ Իրավիճակն էլ ավելի կբարդանա՝ հաշվի առնելով , որ արդեն սկսվել է բերքի սեզոնը»,- շեշտել է Քերոբյանը:
«Վերին Լարսը» ՌԴ-ի եւ ՀՀ-ի առեւտրատնտեսական փոխհամագործակցության ամրապնդման առանցքային պայմանն է
«Վերին Լարսը» ռուս-վրացական սահմանի միակ անցակետն է։ Այն բեռնաշրջանառության գծով տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում ավտոմոբիլային հաղորդակցության առումով՝ 4,3 միլիոն տոննա բեռ 2021-ի ընթացքում։ Անցակետի թողունակությունը մեծացնելու նպատակով 2021-ի մարտից իրականացվում են վերակառուցման աշխատանքներ:
Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ. օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչեւ 3000-ը հասցնելու հնարավորությամբ։ Ներկայում օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում:
Մաքսիմ Ռեշետնիկովը հավաստիացրել է, որ բոլորը հասկանում են անցակետի թողունակության մեծացման կարեւորությունը ե՛ւ տեխնիկական, ե՛ւ փաստաթղթային ստուգման առումով:
«Սա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական փոխհամագործակցության ամրապնդման առանցքային պայմանն է: Այդ պատճառով այստեղ վերակառուցման աշխատանքներն ընթանում են առանց անցակետի աշխատանքի դադարեցման։ Շինարարները խոստանում են դրանք ավարտել 2022-ի երրորդ եռամսյակում»,- ընդգծել է Ռեշետնիկովը: