Հունիսի 10-12-ը կայացավ «TOON EXPO 2022»-ը, որի ընթացքում «Նորակառույցների ցուցադրություն» նախագծի շնորհիվ քաղաքացիներն ունեցան մեկ միասնական հարթակում քաղաքում կառուցվող շենքերին ծանոթանալու հնարավորություն:
«Հետո էլ ասում են` փող չունեն, բա ո՞ւմ համար են էս ասաբնյակները»,- կես կատակ, կես լուրջ ասում է «TOON EXPO 2022»-ի այցելուներից Գարեգին պապիկը, որը հետաքրքրված, նաեւ հիացած է Երեւանում շինարարական բումով եւ ցանկանում է բնակարան գնել իր նորապսակ թոռան համար:
Ի՞նչ էր առաջարկում «TOON EXPO 2022»-ը
EXPO-ի գրեթե բոլոր մասնակիցները՝ անկախ գնից, առաջարկում էին տեխնոլոգիապես նոր շենքեր: Ժամանակակից մարդն այլեւս չպետք է իմանա՝ ինչ է նշանակում առանց վերելակի վերին հարկեր բարձրանալը, տնից հեռու մեքենան կայանելը եւ երեխաների հետ հեռու պուրակներում զբոսնելը:
Իտալիայից բերված 10 մետրանոց արծաթափայլ եղեւնիներ, այգի պուրակներ, բիզնես կենտրոններ, մարզական համալիրներ, կայանատեղիներ. այս առանձնահատկություններն ունեին ներկայացված գրեթե բոլոր շենքերը: Բնակարանների գները տատանվում էին 15-458 միլիոնի սահմաններում: Բարձր արժողությամբ ապարտամենտները՝ պենթհաուսներն ու երկհարկանի բնակարանները գտնվում էին պրեմիում դասի շենքերում։ Դրանց սպասարկման վճարը հավասար է նվազագույն աշխատավարձին, անգամ բարձր:
Ինչո՞վ են նորակառույցներն ավելի գրավում հաճախորդներին, ինչո՞վ է նրանց զիջում երկրորդային շուկան: Կառուցապատողների մեծամասնությունը միանշանակ պատասխանեց՝ ոչնչով: Այդ դեպքում ինչո՞ւ չընտրել նորն ու գեղեցիկը, որը նաեւ համալրված է նորագույն տեխնոլոգիաներով, սեյսմակայուն է:
«ArmConstruct»-ի ներկայացուցիչ Անի Գրիգորյանը նկատեց, որ նորակառույցների գներն անգամ ավելի ցածր են, քան խորհրդային տարիներին կառուցված շենքերինը: Դա պայմանավորված է նրանով, որ նորակառույցը գնորդին տրվում է «մերկ» պատերով, ու դրա հարդարման համար հաճախ անհրաժեշտ են տարիներ: Գնորդները նախընտրում են օգտվել երկրոդային շուկայից, որովհետեւ հաճախ չեն վստահում կառուցապատողին, կարծում են, որ շինարարությունը կարող է կիսատ մնալ:
«Հարկավոր է լավ ուսումնասիրել կառուցապատողի գործունեությունը, հետո որոշում կայացնել: Մեր կազմակերպությունն իր փորձով ապացուցել է, որ մեզ կարելի է վստահել: Կարեւորը՝ փորձառու մասնագետների հետ աշխատելն է»,-ասում է Գրիգորյանը:
Նշենք նաեւ, որ հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի ծրագրում փոփոխություններ արվեցին հենց Երեւանից դուրս շինարարական ակտիվությունն ապահովելու համար:
EXPO-ին ներկա կառուցապատողներից «ArmConstruct», «Seray developments»-ը, «Capital build estate development»-ը, «Defanse»-ը կարեւոր են համարում մարզերում շինարարության ակտիվացումը, սակայն նրանցից գրեթե ոչ մեկը դեռ չի սկսել աշխատանքը Երեւանից դուրս եւ մոտ ժամանակներում չի էլ պլանավորում:
«Գուցե ապագայում միտք լինի նախագիծ սկսելու զբոսաշրջության թեժ կետերում՝ Ծաղկաձորում, Դիլիջանում եւ այլն: Ներկայում դեռեւս նման ծրագիր չկա»,- ասաց «Red invest group»-ի ներկայացուցիչ Հովհաննես Վարդանյանը:
Ի՞նչ գտան «TOON EXPO 2022»-ում տուն փնտրող այցելուները
«Եկել էինք տուն գնելու, բայց գումարներս հերիքեց միայն սուրճին»,- կատակում է երիտասարդ Մուշեղը՝ նկատելով, որ ցուցադրության են ներկայացված համեմատաբար բարձր գներ ունեցող շինություններ: Այժմ Երեւանի տարածքում շատ են մեկ քառակուսի մետրը 450-650 դոլար արժողությամբ նորակառույցները:
Հանդիպեցինք նաեւ EXPO-ի «ունեւոր» այցելուներին, որոնք գտան իրենց երազած բնակարանները պրեմիում դասի շենքերում: «Քանի որ պրեմիում դասի շենքը Կենտրոնում չէ, գինը բավականին մատչելի էր՝ 1 քառակուսի մետրը 1400 դոլար: Պենթհաուսը 22 հարկանի շենքի վերջին հարկում է: Շենքն ունի լողավազան, հանդիսությունների, մանկական, Coworking սրահներ:
Պարզապես քառակուսի մակերեսի համար, եթե չեմ սխալվում, պետք է վճարել 450 դրամ սպասարկման վճար: Իսկ Պենթհաուսն էլ, ինչպես գիտեք, չափազանց մեծ մակերես ունի: Չնայած դա մեզ չի խանգարում»,- ներկայացրեց երիտասարդ զույգը:
EXPO-ին ներկա էր նաեւ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը («Էնթերփրայզ Արմենիա»), որի խնդիրն է նպաստել Հայաստանի տնտեսության երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրագործմանը: