«Դեղորայքի եւ վառելիքի պակաս չունենք, ճիշտ է, կանչերին երկու մեքենայով արագ հասնելը դժվար է, բայց ոչ մի կանչ չի մերժվում»,- ասում է Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի վարիչ Արթուր Սիմոնյանը:
Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ-ի շտապօգնության բաժանմունքում կա ութ մեքենա, որից երկուսը` ռեանիմոբիլ։ Մարտունի խոշորացված համայնքին, որի մեջ մտնում է 17 բնակավայր, հերթափոխով սպասարկում է շտապօգնության երկու բուժանձնակազմ։ Բնակչության ընդհանուր թիվը 89207 է։ Այսինքն` մեկ բուժանձնակազմը սպասարկում է մոտավորապես 44.603 անձի։
Հարցին՝ արդյոք հասցնում են երկու մեքենայով պատշաճ սպասարկել տարածաշրջանի ողջ բնակչությանը, ԲԿ-ի շտապօգնության բաժանմունքի վարիչը դրական պատասխան տվեց։ «Իհարկե, շատ լավ կլինի, որ մենք ամենօրյա սպասարկման երեք բրիգադ ունենանք երկուսի փոխարեն, բայց դա շատ մեծ ծախս է, ու մեր պետությունը տարեկան կտրվածքով չի կարող այդ ծախսերը հոգալ»,- ասաց Արթուր Սիմոնյանը։
Վերջին մեկ տարում կանչերի թիվն ավելացել է։ Ըստ շտապօգնության անձնակազմի բուժքույր Նաթելա Էլոյանի՝ դա պայմանավորված է վստահությամբ։ Օրը 35-40 կանչ են ստանում։ Բայց շատ կանչերի հետ ավելացել է նաեւ դեպքի վայր հասնելու տեւողությունը։
«Զանգում ես, ասում են՝ ազատ բրիգադ չկա, վերջացնեն, կմոտենան, ուշ են գալիս, հիվանդի վիճակն ավելի է վատանում»,- ասում է Արծվանիստ գյուղի բնակիչ Քրիստինե Գեւորգյանը՝ հավելելով, որ ավելի լավ է հիվանդին անձամբ հիվանդանոց տեղափոխել, քան սպասել նրանց օգնությանը:
«Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի 2013 թվականի հրամանի համաձայն՝ Երեւանում եւ Հայաստանի մարզերի քաղաքային բնակավայրերում շտապօգնության` կանչը ստանալուց դեպքի վայր ժամանելու տեւողությունը մինչեւ 20 կմ հեռավորության համայնքներ գնալիս չպետք է գերազանցի 15 րոպեն, 20 կմ-ից ավելի հեռավորության համայնքներից՝ 30 րոպեն՝ բացառությամբ ձմեռային ամիսների»։
2021 թվականի հոկտեմբերին ինքս ականատես եղա․ մայրս գիտակցությունը կորցրել էր։ Անընդհատ զանգում էի շտապօգնություն, սկզբում զանգ չէր գնում, հետո ասացին՝ մեքենան ճանապարհին է։ Տասը րոպե սպասելուց հետո Արծվանիստ գյուղից մեր համագյուղացու մեքենայով գնացինք հիվանդանոց, մտածում էի՝ ճանապարհին կհանդիպենք շտապօգնության մեքենային։ Արդեն հիվանդանոց էինք հասել, շտապօգնության աշխատակիցը զանգեց՝ անձնակազմն ազատ է, կարող է գալ: Ասացի` կարիք չկա, մենք արդեն հասել ենք։ Քսան րոպե անց բժիշկներն ասացին՝ հիվանդը սրտամկանի ինֆարկտից մահացել է։
Շտապօգնության բաժնի վարիչ Սիմոնյանին պատմեցի այս ամենը՝ չասելով, որ դեպքն անձամբ ինձ հետ է պատահել, իսկույն հակադարձեց. «Դա զրպարտություն է, նման դեպք չի եղել, մարդիկ սիրում են չափազանցնել եւ ամեն ինչ պատմել իրենց հարմար տարբերակով»։ Նա հավաստիացրեց, որ մի կանչը չավարտած՝ շտապում են հասնելու մյուսին։
Ասացի՝ զրպարտություն չէ, զանգողը ես եմ եղել, հիվանդը՝ մայրս։ Սիմոնյանը շարունակեց պնդել, որ երկու բուժանձնակազմով հնարավոր է սպասարկել տարածաշրջանի բնակչությանը, բայց ոչ միշտ է հնարավոր 20-30 րոպեի ընթացքում հասնել դեպքի վայր։
Ստացվում է՝ շտապ կանչին 15-30 րոպեում արձագանքելու հրամանը թղթի վրա է, կատարելը` դժվար։
Ավտոմեքենաների թվով պայմանավորված շտապօգնության կանչերի սպասարկման ուշացումները միայն Մարտունիում չեն։ Դեռեւս 2015 թվականին լրագրող Տաթեւ Խաչատրյանը Էջմածնի շտապօգնության մասին հրապարակած հոդվածով անդրադարձել է հանրապետությունում շտապօգնության մեքենաների թվի պակասին։
Փաստորեն խնդիրը նոր չէ, առողջապահության նախարարի հրամանը վաղուց է խախտվում, մարդիկ չեն կարողանում ժամանակին ստանալ շտապ բժշկական օգնություն։ Բժիշկները, կարծես, գոհ են եղած պայմաններից, օգնության կարիք ունեցողներն էլ չեն բողոքում։
Հ.Գ. Նյութը պատրաստելիս խոսել եմ շտապօգնության ծառայությունից վերջերս օգտված մարդկանց հետ։ Գոհ չեն հատկապես սպասարկման արագությունից, բայց իրենց անունից ներկայանալ չեն ցանկանում։
Սերինե Աղաբեկյան